Գլխավոր / Հայաստան / Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սխալ քաղաքականության արդյունք են. Շահնազարյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սխալ քաղաքականության արդյունք են. Շահնազարյան

«Ես կարծում եմ, որ ոչ մի դեպքում պետք չէր ընդհանրական որոշում ընդունել գնալ-չգնալու, դա ամեն անհատի, ամեն կազմակերպության, ամեն մարմնի գործն է և, ովքեր այդպես վարվել են, պետք չէ դատապարտել`ոչ գնացողներին, ոչ չգնացողներին»,-  անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու երեկվա պատարագին` Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
 
«Այս ամենը Հայաստան-Թուրքիա խորացող լարվածության, Հայաստանի իշխանությունների սխալ, հանցավոր քաղաքականության արդյունք է: Ես նկատի ունեմ ֆուտբոլային դիվանագիտությունը և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը»,- նշել է Դավիթ Շահնազարյանը: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ ՀԱԿ-ը զգուշացնում էր, որ ոչ միայն չեն աշխատելու այդ արձանագրությունները, այլ էլ ավելի են լարելու իրավիճակը և տարածաշրջանում մեծացնելու Թուրքիայի դերը:

Շահնազարյանի խոսքով` մեկ տարի առաջ Հայաստանի իշխանություններին ծառայող մամուլը` ինչեր որ չէր գրում, իսկ հիմա այդ երկիրը դարձել է նրանց առաջին թշնամին, քանի որ «կատարվեց քաղաքականության մեջ ամենածանր մեղքը` խաբված են Հայաստանի իշխանությունները»:

«Մենք բազմիցս նրանց զգուշացրեցինք, որ չի կարելի անել այդ հանցավոր քայլը, բայց նրանք արեցին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ի հավելումն` ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ  Թուրքիան սովորություն ունի, երբ ինչ-որ մի լավ բան է անում, այդ գործողության մեջ մի տհաճ անակնկալ պիտի դնի:

«Սա է իրականությունը, և պատճառը  փնտրեք բացառապես հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության, այսպես կոչված, չակերտավոր նախաձեռնողական քաղաքականության մեջ»,- ընգծել է Դավիթ Շահնազարյանը:

Tekali Taxi