Գլխավոր / Հայաստան / Սպիվակովը հիացած է հայ երաժիշտներով

Սպիվակովը հիացած է հայ երաժիշտներով

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում:

«Շատ ուրախ եմ, որ Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում: Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, և երկրորդ` այն ջերմությունը, որով Ձեզ դիմավորում են: Կարծում եմ` վստահ եք, որ Հայաստանում Ձեզ շատ են սիրում և համարում են Հայաստանի բարեկամ», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում նախագահի պաշտոնական կայքը:

Վլադիմիր Սպիվակովը նախագահի հետ զրուցել է երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի և այն գաղափարի մասին, որի նպատակով երեք տարի առաջ հիմնադրվել է նվագախումբը: Վերջինիս ստեղծման նպատակն էր նվագախմբում ընդգրկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր նաև տարբեր մշակույթի կրողներ են: Աշխարհահռչակ դիրիժորի խոսքով` երաժշտությունն արվեստի ուժով համախմբում է այն, ինչ մարդկային լեզուն ի զորու չէ իրականացնել:

Համերգային ծրագրի վերաբերյալ Վլադիմիր Սպիվակովն ասել է, թե շատ ուրախ է նման իրադարձության կապակցությամբ: Նա հիացմունքով է խոսել նվագախմբում հանդես եկող հայ երաժիշտների մասին, ընդգծելով, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երիտասարդներ շատ կան, և չափազանց կարևոր է նրանց գտնելն ու տաղանդի դրսևորման համար հնարավորություններ ստեղծելը:

Tekali Taxi