Գլխավոր / Армения / Հանրայինի նոր տնօրենը կփորձի նոր շունչ հաղորդել Առաջին ալիքին

Հանրայինի նոր տնօրենը կփորձի նոր շունչ հաղորդել Առաջին ալիքին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տնօրեն ընտրվեց Գագիկ Բունիաթյանը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտարարել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` ամփոփելով Առաջին ալիքի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթը:

Նշենք, որ երեկ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուները` Վիտալի Ավանեսովը, Ժասմենա Ղևոնդյանը, Լավրենտի Միրզոյանը և Գագիկ Բունիաթյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի մրցութային հանձնաժողովի մոտ հարցազրույց էին անցել:

Այսօր Ալեքսան Հարությունյանը Գագիկ Բունիաթյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ այն աշխատանքը, որը սկսել էր Տիգրան Նաղդալյանը և շարունակել էր Արմեն Արզումանյանը, կշարունակի նաև նոր տնօրենը:

«Նա մեծ փորձ ունի, այդ իմաստով բազմաթիվ նոր ծրագրեր կլինեն», – ասել է Հարությունյանը:
Բունիթյանն իր խոսքում նշել է, որ հեղափոխական փոփոխություններ Առաջին ալիքում չեն լինի:

 «Կփորձեմ նոր շունչ տալ Առաջին ալիքին, բայց ընդհանուր գաղափարախոսությունը նույնը կմնա», – հայտարարել է նորընտիր տնօրենը:

Հիշեցնենք, որ Գագիկ Բունիաթյանը երկար ժամանակ աշխատել է հեռուստատեսության ոլորտում: Նա մասնաբաժին ունի Հայ TV հետուստաընկերությունում: Գագիկ Բունիաթյանը սեպտեմբերի 7-ին նշանակվեց Հանրային Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, այնուհետև գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց:

Tekali Taxi