Գլխավոր / Հայաստան / Քուրդ գործարարն առաջարկել է Սուրբ Խաչ եկեղեցում պսակադրություններ անցկացնել

Քուրդ գործարարն առաջարկել է Սուրբ Խաչ եկեղեցում պսակադրություններ անցկացնել

Սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը ողջ շաբաթվա ընթացքում շարունակեց մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, պատարագի մասին հոդվածով է հանդես եկել գիտնական Բասկին Օրանը, ով նաև պատմել է Վանում իր հանդիպումների մասին:

Օրանը ներկա է գտնվել Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին, որի ընթացքում զրուցել է Աղթամար կղզու շրջակայքում գտնվող մի քանի տների սեփականատեր Ազիզ Այկաչի հետ: Այկաչը Վանում խոշոր գործարար է համարվում, նրան պատկանում են  նաև 2 տեղական օրաթերթերը:

Այկաչը պատմել է, որ չնայած ինքը քուրդ է, բայց իր հոր բոլոր հարևանները հայեր են եղել:

«Այստեղ շատ կան մարդիկ, ովքեր հայ բարեկամներ ունեն: Նրանք գիտեն, որ հայ են, բոլորը գիտեն, սակայն ոչ ոք չի խոսում այդ մասին: Նրանք միայն այն ժամանակ կխոսեն, երբ հանգամանքները ճիշտ կդասավորվեն»,- Բասկին Օրանի հետ զրույցում նշել է Ազիզ Այկաչը: Նա հավելել է, որ իրեն պատկանող տները նա մեծ սիրով է տրամադրել պատարագին մասնակցելու եկած հայերին:

Այկաչը նաև ասել է, որ ինքը դիմել է Վանի նահանգապետին` խնդրելով թույլ տալ Սուրբ Խաչ եկեղեցում անցկացնել նաև մկրտության և պսակադրության արարողություններ: Գործարարի խոսքերով, նահանգապետը տվյալ խնդրանքի հանդեպ դրական մոտեցում է ցուցաբերել: Արդյո՞ք տվյալ նախաձեռնությունն ընթացք կստանա առայժմ հայտնի չէ:

Tekali Taxi