Գլխավոր / Армения / Սամվել Կարապետյանն ինձ չի ֆինանսավորում. Եվա Ռիվաս

Սամվել Կարապետյանն ինձ չի ֆինանսավորում. Եվա Ռիվաս

Ռիսկ չէին անի. այսպես է երգչուհի Եվա Ռիվասը պատասխանել Բելառուսի «Մայրաքաղաքի հեռուստաընկերության» լրագրողի այն հարցին, թե արդյոք  2010թ. Եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլում նրա մրցակիցները պատրաստվում էին դատարան դիմել՝ վիճարկելով քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը ներկայացրեց Հայաստանն այս տարվա Եվրատեսիլին՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

«Ոչ ոք դատարան չդիմեց: Ապացուցվեց, որ քվեարկության արդյունքները չէին կեղծվել: Բացի այդ, պատասխանը կարող էիք գտնել Երևանի փողոցներում: Ում էլ հարցնեիք,  բոլորը ուրախ էին, որ Հայաստանը ես եմ ներկայացնելու», – ասել է Ռիվասը:

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք երգչուհու հունական արյունը կարող է ստիպել նրան ուժերը փորձել հունական շոու-բիզնեսում:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Հայաստանը սիրում է ինձ: Իմ կարիերան շարունակվելու է այնքան, որքան ես կցանկանամ: Ես կարող եմ երգել ռուսերեն, հայերեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն: Ես անգամ իտալերեն երգեր ունեմ, սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր երկրում ես տատաիկ կամ պապիկ եմ գտնելու», – պատասխանել է երգչուհին:
Եվա Ռիվասը նաև հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ իր ստեղծագործական կարիերան ֆինանսավորում  է «Տաշիր» խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը:

Tekali Taxi