Գլխավոր / Հայաստան / Բաքուն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր պարտավորությունները. Նալբանդյան

Բաքուն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր պարտավորությունները. Նալբանդյան

Սեպտեմբերի 27-ին` ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայտնվելուն` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի և Հիտլերի միջև պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի և Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել»:

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները պնդում են, որ մադրիդյան առաջարկությունների ինչ-որ տարբերակի են համաձայնվել, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն, իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա:

Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում և մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների  հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թ. նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ:  Ադրբեջանցիները մերժում են թե՛ առաջինը, թե՛ վերջինը:

Աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով: Սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը: Հետո, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել:

Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց «այսպես կոչված ընդունվածը»` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի և Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցվածքն էլ համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել և չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը:

Անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին,  Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր  անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը:

Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: Ադրբեջանը այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի, և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար»:

Tekali Taxi