Գլխավոր / Армения / Նիկոլ Փաշինյան. «Ինձ ասացին` մեծ փորձանքից եմ պրծել»

Նիկոլ Փաշինյան. «Ինձ ասացին` մեծ փորձանքից եմ պրծել»

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր խմբագրականում նշել էր, որ ԱԱԾ իր աղբյուրներից տեղեկացել է, որ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին իշխանության ամենավերին օղակներից հրահանգված է լայնամասշտաբ հարձակումներ սկսել «Կոշ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ:
 
Այսօր «Հայկական ժամանակն» իր առաջին էջին ներկայացրել է հատված Նիկոլ Փաշինյանի բանտային օրագրից, որում օրաթերթի գլխավոր խմբագիրը ներկայացնում է իր զրույցը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի և Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված Նիկոլ Փաշինյանի հոդվածից.

«Գիշերվա երկուսն անց ինձ արթնացրեց «Կոշ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը, թե բա հագնվիր, դուրս եկ հանրակացարանից. Խոսելու բան կա: Հագնվեցի, իջանք ՔԿՀ հերթապահ մաս: Պարզվեց` հիմա ուր որ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներ են գալու ինձ հետ տեսակցության: Ես էլ սրտնեղեցի, որ սափրված չեմ: Բայց ասացին` չեմ հասցնի սափրվել, արդեն ՔԿՀ են մտնում:

Տեսակցությունների սենյակ մտան Օբուդսմենի գրասենյակի երեք ներկայացուցիչներ` «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի ուղեկցությամբ: Բոլորն էլ` ինձ պես քնաթաթախ: Լյովա Բաղդասարյանը սովորականից ավելի սփրթնած էր: Սովորականից ավելի, որովհետև ինձ տեսնելիս պարտադիր սփրթնում է:

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ տեղեկացրին, որ ահազանգ են ստացել, որ իմ կյանքին և անվտանգությանը վտանգ է սպառնում: Ձևակերպման նման ճակատայնությունը տարօրինակ չթվաց, և հաջորդ պահին, երբ ինձ հարցրին, թե ինչ կասեմ այդ կապակցությամբ, հայտարարեցի.

-Իմ կյանքին և անվտանգությանը վտանգ սպառնում է, թե ոչ, և որքանով է իրական այդ սպառնալիքը, կարող է ասել միայն սույն պարոնը, «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը, որովհետև «Կոշ» ՔԿՀ-ում իմ կյանքի և անվտանգության համար սպառնալիք կարող է ստեղծել միայն ՔԿՀ պետը` իր անմիջական ղեկավար, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի հրամանով, իրեն ենթակա կրիմինալ տարրերի միջոցով, իր վարչակազմի ներկայացուցիչների թողտվության պայմաններում:

Այս հայտարարությունից հետո Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ հարցրին, թե արդյո՞ք ցանկանում եմ, որ մեր հանդիպումը առանձին, այսինքն` առանց ՔԿՀ պետի մասնակցության տեղի ունենա: Ես ասացի` ընդհակառակը, թող Բաղդասարյանը մասնակցի խոսակցությանը, որովհետև չկա այնպիսի ասելիք, որ չկարողանամ ասել նրա ճակատին: Հետո մանրամասն խոսակցություն գնաց Բաղդասարյանի և նրա վարչակազմի կոռուպցիոն գործունեության, նրա և կրիմինալի կապերի, նրա ղեկավարության և կրիմինալի կապերի մասին: Այս ողջ ընթացքում ՔԿՀ պետը ոչ գվվում էր, ոչ բվվում. ընդամենը սփրթնում էր անհնարինության աստիճան: Իսկ երբ մի պահ փորձեց առարկել` ասացի, որ իմ բերանից դուրս եկած ցանկացած խոսք կարող եմ ապացուցել, որից հետո «փոխգնդապետ» Բաղդասարյանը կրկին սսկվեց: Իսկ երբ հասկացավ, որ խոսակցությունն իր համար խայտառակ ընթացք է ստանում, ինձ դիմելով` հայտարարեց.

-Ես գլխով պատասխանատու եմ քո անվտանգության համար և երաշխավորում եմ այն:

Ի հեճուկս իր սպասումների, սակայն, այսպիսով իրավիճակն ավելի լարվեց, որովհետև այլ խոսակցությունների ժամանակ ՔԿՀ պետը ակնարկում էր, որ չի կարող պատասխանատվություն կրել «Կոշ» ՔԿՀ բնակելի տարածքում պահվող հարյուրավոր հանցագործների արարքների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով կարող են ինչ-ինչ գործողություներ ձեռնարկել իմ անձի դեմ: Բա ինչպե՞ս պատահեց, որ գիշերվա կեսին արդեն երաշխիքներ է տրամադրում:

Հասականալի է` շուրջ մեկուկես ժամ տևած խոսակցության բոլոր մանրամասները չեմ կարող շարադրել: Դրանք այս պահին էական էլ չեն: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, համոզվեցին, որ ինձ վրա բռնության հետքեր չկան, ես էլ ասացի, որ տվյալ պահին շատ կոնկրետ անձի կամ անձանց կողմից ֆիզիկական հաշվեհարդարի կոնկրետ սպառնալիք չեմ ստացել, բայց որ ՔԿՀ վարչակազմը նման մի պրովոկացիա սարքելու ուղղությամբ լուրջ ու հետևողական ջանքեր է գործադրում, ինձ համար ակնհայտ է: Հա, կարծեմ, Լ. Բաղդասարյանը այստեղ ասաց, որ երաշխավորում է իմ անվտանգությունը:

Այսպիսով` հանդիպումն ավարտվեց, և ես վերադարձա իմ քնելատեղ, պառկեցի քնելու: Առավոտյան արդեն, ՔԿՀ իրազեկ դատապարտյալները և ՔԿՀ որոշ ներկայացուցիչներ հույժ գաղտնիության պայմաններում շնորհավորում էին ինձ` ասելով, որ մեծ փորձանքից եմ պրծել: Ինձ բացատրեցին, որ նախորդ օրը «սալդաթների» 15 հոգանոց խումբ է ձևավորվել, որը սեպտեմբերի լույս 27-ի գիշերը պետք է ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեր ինձ «կոտրելու» ուղղությամբ: Նվազագույն արդյունքը, որին այդ խումբը պիտի հասներ` այն է, որ ես պիտի ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանին դիմում գրեի ինձ փակ ռեժիմի ՔԿՀ տեղափոխելու խնդրանքով, իբր անվտանգության նկատառումներով»:

Tekali Taxi