Գլխավոր / Հայաստան / Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում հանդես գալ ի պաշտպանություն Փաշինյանի

Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում հանդես գալ ի պաշտպանություն Փաշինյանի

Այսօր Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ` կապված վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ: Հայտարարության մեջ ասված է.

«Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Նշվում է, որ քրեակատարողական վարչության ղեկավարությանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգված է քրեական տարրերի ներգրավմամբ բռնաճնշումներ սկսել Կոշ քրեակատարողական հիմնարկում պահվող Հայկական Ժամանակ թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նպատակը` մամուլում ծավալած նրա հրապարակախոսական գործունեությունը կանխելն է: Նշանակալի է այն հանգամանքը, որ քաղբանտարկյալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար  ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել քրեական աշխարհը, գործելաոճ, որ լայնորեն կիրառվում էր խորհրդային կալանավայրերում:
 
Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց,  ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից իրենց ձայնըս բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների և, այս կոնկրետ դեպքում, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:
 
Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին:
 
Այսօր միասին պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին և մյուս քաղբանտարկյալներին, մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտահայտվելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրավունքը»:

Tekali Taxi