Գլխավոր / Армения / Ջավախքը կարող է տարածաշրջանային կենտրոն դառնալ

Ջավախքը կարող է տարածաշրջանային կենտրոն դառնալ

Այսօր շատ ավելի հեշտ է Թբիլիսիից Ջավախք գնալ, քան մի քանի տարի առաջ: Ամերիկացի հարկատուների գումարներով արդեն իսկ 178 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհ են կառուցում, իսկ մինչև հոկտեմբերի վերջ ճանապարհը մի քանի կիլոմետրով կերկարի, գրում է Кавказ Online-ը:

Ասֆալտապատ ճանապարհը դեռ Կումուրդո գյուղին չի հասել: Գլխավոր ճանապարհից այն 12 կիլոմետր հեռավորության վրա է: Կումուրդո գյուղում հայկական դրոշ կարելի է տեսնել, իսկ բնակչությունն անգամ կենցաղային մակարդակի վրացերենով չի խոսում:
Ախալքալաք քաղաքում բնակչության 95%-ը էթնիկ հայեր են: Այստեղ ընդամենը մեկ վրացական դպրոց կա, ամեն դասարանում` 10-ից ոչ ավելի աշակերտ: Ուսուցիչները հպարտ են իրենց աշակերտներով, որոնցից 3-ն այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվել:

Նոր երկաթուղային ճանապարհը համապատասխանացվելու է եվրոպական չափանիշներին և Ադրբեջանն ու Վրաստանը կապելու է Թուրքիայի և Եվրոպայի հետ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պատրաստ է լինելու Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին:  Թբիլիսիից Ախալքալաք տանող ճանապարհին դեռ երկաթգծերն են փոխում, իսկ մինչև թուրքական սահմանն ընկած հատվածում հողն են հավասարեցնում:

Վրացերեն լեզու սովորում են թե երեխաները, թե մեծերը: Ախալքալաքի կենտրոնում գրությունները երեք լեզվով են:  Տեղի բնակիչները վստահ են, որ ինտեգրման խնդիրն ինքնըստինքյան կլուծվի շրջանի տնտեսական զարգացմանը հետ զուգահեռ: Ով նախկինում աշխատել է Ռուսաստանի ռազմակայանում, այժմ կամ գործարար է, կամ էլ բանվոր:

Սահմանային Կարցախիում նոր մայրուղի են կառուցելու: Հազարմայակի մարտահրավերների հիմնադրամը Ջավախքի ճանապարհների կառուցման համար ավելի քան 200 միլիոն դոլար է հատկացրել: Նոր մայրուղին օգտակար կլինի ոչ միայն տեղի բնակչության համար, այլև Հայաստանի և Թուրքիայի բնակիչների համար:

Քանի դեռ հայ-թուրքական սահմանը փակ է, երկու կողմերը կկարողանան շփվել նաև տնտեսական մակարդակով` անցնելով վրացական 65 կիլոմետր ձգվող ճանապարհով:

Ջավախքը կարող է շատ կարևոր տարանցիկ կենտրոն դառնալ նաև զբոսաշրջիկների համար: Ախալցխա-Բաթում ճանապարհի վերակառուցումից հետո հենց այս ուղին  ամենակարճը կդառնա հայ զբոսաշրջիկների համար, որոնք ամեն տարի այցելում են վրացական սևծովյան հանգստավայրերը: Բայց Ջավախքում էլ զբոսաշրջիկներին հետաքրքիր տեսարաններ են սպասվում:

Tekali Taxi