Գլխավոր / Армения / Գիտաշխատողները Երևանում 2-սենյականոց բնակարան կարող են գնել 26-27 հազար դոլարով

Գիտաշխատողները Երևանում 2-սենյականոց բնակարան կարող են գնել 26-27 հազար դոլարով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տարածքում շուրջ հինգ բնակարանային համալիր կառուցելու հանձնարարական է տվել:

Բնակարանները նախատեսված են Երևանի Պետական համալսարանի երիտասարդ գիտաշխատողների, Ակադեմիայի գիտաշխատողների, ստեղծագործող երիտասարդների, ինչպես նաև մարզերում ապրող երիտասարդ գիտնականների համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:

Նրա խոսքով` 3 բնակարանային համալիր կկառուցվի Երևան քաղաքում` Զեյթուն և Ավան համայնքներում ու Դալմայի այգիներից ներքև գտնվող հատվածում, որի սեփականատերն է «Փյունիկ» հաշմանդամների միությունը, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում:

Փոխնախարարը նշել է, որ, բացառությամբ աղետի գոտու, վերջին 20 տարիների ընթացքում մարզերում որևէ բնակֆոնդ շահագործման չի հանձնվել:

«Ես երեկ եմ վերադարձել Տավուշի մարզից, և ասեմ ձեզ, որ այնտեղ մարդիկ շատ թերահավատորեն են վերաբերվում այս նախագծին: Իհարկե, հասկանալի է նրանց մտահոգությունը. Չէ՞ որ 20 տարի շարունակ չեն տեսել, որ որևէ բան կառուցվի»,- ասել է Արսեն Քարամյանը:

Այս 5 բնակարանային համալիրների կառուցման դեպքում 36 մլրդ դրամ գումար «կպտտվի» մեր տնտեսության մեջ, ասել է Քարամյանն ու ընդգծել հարցի տնտեսական կողմը. «Կունենանք 2800 աշխատատեղ` ամսեկան միջինը 150 000-200 000 դրամ աշխատավարձով»:

Փոխնախարարի խոսքով` շուրջ 1050 բնակարան շահագործման կհանձնվի արդեն 2012 թվականի տարեվերջին:

Արսեն Քարամյանը նաև ներկայացրել է բնակարանների գներն ու վարկի միջոցով դրանք ձեռք բերելու հնարավորությունները:

«Բնակարանների տարածքը մինիմալը 52 քառակուսի մետր է, և 2-սենյականոց բնակարանը կարժենա 26 000-27 000 դոլար: Ինչպես նաև Կենտրոնական Բանկի հետ ունենք պայմանավորվածություն վարկեր տրամադրելու գործում. վարկ վերցնելու դեպքում` 20% կանխավճար, 10% տարեկան տոկոսադրույք և 20 տարի մարման ժամկետ»,- նշել է փոխնախարարը:

Tekali Taxi