Գլխավոր / Հայաստան / Հերթական դժբախտությունը բանակում. 18-ամյա տղային գտել են կախված

Հերթական դժբախտությունը բանակում. 18-ամյա տղային գտել են կախված

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: Պաշտպանության նախարարությունը խոստանում է դեպքի մանրամասների մասին հաղորդել առաջակիայում:

Նշենք, որ սա հայկական բանակում շարունակական միջադեպերի շարքում հերթականն է:

Առաջին աղմկահարույց դեպքը գրանցվեց հուլիսին, երբ Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում մահացել էր լեյտենանտ Արտակ Նազարյանը: Համաձայն քննչական մարմինների նախնական վարկածի` Արտակ Նազարյանը ինքնասպանություն էր գործել, սակայն նրա հարազատները մամուլում կտրականապես հերքել էին այդ վարկածը` նշելով, որ տվյալ դեպքում դաժան սպանություն էր տեղի ունեցել, ապա բժշկական փորձաքննության ամփոփագրում նշվել էր, որ զինծառայողը «վնասվածքներ է ստացել նաև կենդանության օրոք, մահը վրա հասնելուց մինչև 6 ժամ առաջ»:

Հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը Մարտունու շրջանի զորամասերից մեկում հրազենով սպանել էր 5 զինծառայողի և ինքնասպան եղել:

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում օգոստոսի 17-ին նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1984թ. ծնված Հարություն Յուրիկի Վարդանյանը հրազենային երկու կրակոց էր արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1966թ. ծնված Արսեն Երվանդի Չոբանյանի կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է:

Սեպտեմբերի 8-ին Վայքի զորամասում ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանը: Համաձայն ՊՆ հաղորդագրության` առավոտյան 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում, ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի համաձայն, տեղի էր ունեցել դժբախտ պատահար:

Ըստ պաշտոնական վարկածի` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Epress.am-ի թղթակիցը այցելել էր Արագած և զրուցել էր Արթուրի քեռու` Ալեքսանի հետ: Վերջինս նշել էր, որ ինքը ներկա է եղել դատաբժշկական փորձաքննությանը:

«Բժիշկն ասում ա, որ եթե մոտիկից կրակոցը լիներ, դեմքը այրված կլիներ, սակայն որևէ այրվածք չկա: Կրակողն էլ ոչ թե թշնամի ա եղել, այլ հայ», – մեզ հետ զրույցում պատմել է Ալեքսանը:

Tekali Taxi