Գլխավոր / Հայաստան / «Սարյանով յոլա գնացեք». ՀԱԿ-ի ակտիվիստների դատավարությունը շարունակվում է

«Սարյանով յոլա գնացեք». ՀԱԿ-ի ակտիվիստների դատավարությունը շարունակվում է

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Սարգիս Գևորգյանին մեղադրում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ` խուլիգանության մեջ մեղադրանքով: Այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց Սարգիս Գևորգյանը:

Վերջինս նշեց, որ մայիսի 31-ին ինքը և ՀԱԿ մի քանի այլ ակտիվիստ երիտասարդներ ցանկացել են զբոսնել Ազատության հրապաարկում, սակայն ոստիկանները արգելել են իրենց մտնել այնտեղ և նրանց նկատմամբ բռնություն են գործադրել: Սարգիս Գևորգյանը նաև պատմեց, որ տեսել է, թե ինչպես է գործով որպես տուժող անցնող Վարազդատ Թադևոսյանը, որն ի դեպ այդպես էլ մինչ օրս չի ներկայացել դատարան վկայություն տալու համար, հարձակվել է Դավիթ Քիրամիջյանի վրա, նրան գցել գետնին և սկսել հարվածել: Գևորգյանը նաև  նշեց, որ ինքը չի պոկել գործով անցնող ոստիկան Արկադի Բաղդասարյանի ուսադիրը և նրան չի քաշքշել:

Գևորգյանը որպես ինքնախոստովանություն որակեց ՊՊԾ գնդի հրամանատի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի ոստիկանություն ուղարկած հաղորդագրությունն այն մասին, որ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ և խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին:

Այնուհետև մեղադրող Հարություն Հարությունյանը սկսեց հարցեր տալ Գևորգյանին: Նա ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ  Կոնգրեսի երիտասարդները մասնակցել են հրապարակային զանգվածային միջոցառման, որին ներկա է եղել հարյուրից ավելի մարդ:
Գևորգյանն այդ մեղադրանքները համարեց շինծու և նշեց, որ մայիսի 31-ին տվյալ վայրում հարյուրից պակաս մարդ է եղել և իրենք ոչ մի անթույլատրելի արարք չեն կատարել:
Պատասխանելով դատախազի ագրեսցիվ պահվածքին` Գևորգյանը խորհուրդ  է տվել նրան հանգիստ տոնով հարցեր տալ իրեն և բացատրել մեղադրանքի բնույթը:

Մեղադրողի այն հարցին, թե երբ իրենք վերադարձել են սարյանի արձանի մոտ ինչու չեն հեռացել այդ տարածքից, Գևորգյանն ասաց.

«Մենք չենք վերադարձել, այլ մեզ հրելով ու քաշքշելով Սարյանի արձանի մոտ են տարել ոստիկանները: Եվ ասել են` «ձեզ Սարյանն ենք տվել, յոլա գնացեք»: Եվ անգամ եթե մենք ցանկանայինք էլ, չէինք կարողանա դուրս գալ այնտեղից, քանի որ այդ տարածքը պաշարված էր ոստիկաններով»,- նշել է Սարգիս Գևորգյանը:

Այսօրվա նիստին Գևորգյանի հարցաքննությունն ավարտվեց, իսկ հաջորդ  դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին,  ժամը 16.00-ին, որի ընթացքում նախատեսվում է Դավիթ Քիրամիջյանի հարցաքննությունը:

Tekali Taxi