Գլխավոր / Հայաստան / ԱԺ պատգամավորը Վրաստանի իշխանություններին մեղադրել է լկտիության մեջ

ԱԺ պատգամավորը Վրաստանի իշխանություններին մեղադրել է լկտիության մեջ

Վրացական իշխանությունները հասել են այն աստիճանի լկտիության, որ Վաշաձեն Հայաստանում հայտարարում է, թե ինքը չի ճանաչում Ջավախքը, որ Ջավախք գոյություն չունի, այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

«Սա միտված է խեղդելու ջավախահայության խնդիրները»,- ասել է Թորոսյանը:

Ըստ պատգամավորի` Վրաստանի երրորդ լկտիությունն այն է, որ մինչ Վաշաձեի` Հայաստան ժամանելը Վերին Լարսի անցակետի հետ կապված խնդիրներ առաջացան:

Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ  Դավիթ Ռստակյանը, իր հերթին, ասել է, որ Վաշաձեի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ջավախահայերը գոյություն չունեն:

«Ուրեմն ես չկա՞մ, ջավախահայերը չկա՞ն», – հռետորական հարց է հնչեցրել Ռստակյանը:

Ասուլիսի ևս մեկ մասնակից, «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սևակ Արծրունին, մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, ասել է, որ սա հատուկ քայլ էր, պատգամ` ուղղված ջավախահայությանը, որ նրանք այլևս գոյություն չունեն:

Արծրունու խոսքով` այս տարվա ընթացքում Վաշաձեն մի շարք ստեր է հնչեցրել, և Հայաստանում հնչեցրածը առաջինը չէր:

«Օրինակ, Ֆրանսիայում Վաշաձեն հայտարարել էր, որ Վահագն Չախալյանը բանտում է, քանի որ նա ռուսական ագենտ է, իսկ հետո այնտեղի դեսպանը հայտարարում է, որ Վաշաձեն լավ չի ընկալել խնդիրը». – ասել է Արծրունին` նշելով,  որ Վրաստանի դեսպանը, ըստ էության, փաստել է Վաշաձեի ստախոսությունը:

Epress.am-ի հարցին, թե արդյոք Վաշաձեն ենթադրել է, որ համապատասխան արձագանք չի ստանա Հայաստանի իշխանություններից և Ջավախքից, Շիրակ Թորոսյանը պատասխանել է. «Իհարկե, այդ ենթադրությունը Վաշաձեն ունեցել է և համապատասխան քայլ է կիրառել, Լարսը փակել ու եկել է: Այստեղ էլ հայտարարեց, թե հիմա մի զանգով խնդիրը կհարթվի: Եվ մինչ Վաշաձեն այստեղ էր, անցակետը կրկին բացվեց»:   

Tekali Taxi