Գլխավոր / Армения / Խախտումների մասին չխոսելը համալսարանի շահերից է եղել, կարծում են աշխատանքից ազատված դասախոսները

Խախտումների մասին չխոսելը համալսարանի շահերից է եղել, կարծում են աշխատանքից ազատված դասախոսները

Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար:

Օգոստոսին ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսներն այսօր հանդես եկան հերթական մամուլի ասուլիսով և ներկայացրեցին  պետական մարմիններից ստացած իրենց դիմումների պատասխանները:

Դասախոսներին  պատասխանել են ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կրթության  և գիտության նախարարությունից և Աշխատաքնի պետական տեսչությունից: Դասախոսները տեղեկացրեցին, որ նախագահի աշխատակազմից և Աշխատանքի պետական տեսչությունից ոչ միայն արձագանքել են իրենց դիմումին, այլև օպերատիվ ստուգումներ են իրականացրել այս խնդրի առնչությամբ և տվել են պատասխաններ, որոնք, դասախոսների հավաստմամբ, պաշտպանում են աշխատողների, այն է` իրենց շահերը:

Դասախոսները տեղեկացրել են, որ իրենց դիմումներին չեն արձագանքել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Ֆրանսիական  համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատունը:

Նրանք նշեցին, որ այս պարագայում, երբ ավելի բարձր ատյաններ են զբաղվում այդ հարցով, իրենք այլևս չեն էլ ակնկալում նրանցից պատասխան և այսուհետ այդ հարցով տվյալ կառույցներին չեն դիմի: Տեղեկացնենք նաև, որ աշխատանքից ազատված աշխատողները դիմել էին դատարան, և այս գործով դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 11-ին, ժամը 15.00` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում:

Լրագրողների հետ հանդիպման ավարտին դասախոսները միանշանակ հավաստիացրեցին, որ շարունակելու են պայքարել  իրենց խախտված իրավունքների համար և վերականգնելու են դրանք: 

Դասախոսներից Լիլյա Դիլանյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն իրեն ասել է հետևյալը. «Թողեք ձեր հիմար պայքարը, թե չէ ձեզ որակներից կզրկենք»:

Հանդիպման ընթացքում դասախոսները նաև տեղեկացրեցին բազմաթիվ խախտումների մասին, որ այս տարիներին եղել են համալսարանում:

Epress.am-ի այն հարցին, թե ինչու նրանք ժամանակին չէին բարձրաձայնում խախտումների մասին, համալսարանի նախկին դասախոս Նարինե Կոխտիևան պատասխանեց, որ համաձայն է հարցադրման հետ:

Վերջինս նաև նշեց, որ հայ ազգին բնորոշ է հարմարվողականությունը, և իրենք, համալսարանի շահերից ելնելով, չեն խոսել խախտումների մասին  և դրա համար հիմա կանգնել են փաստի առաջ:

Tekali Taxi