Գլխավոր / Армения / ՀԱԿ ակտիվիստները պահանջեցին Ազատության հրապարակի և քաղբանտարկյալների ազատագրումը

ՀԱԿ ակտիվիստները պահանջեցին Ազատության հրապարակի և քաղբանտարկյալների ազատագրումը

Այսօր Հայ Ազգային  Կոնգրեսի երիտասարդները երթ անցկացրեցին` նվիրված Ազատության հրապարակի ազատագրմանը:

Երթը սկսվեց Կորյուն փողոցից, որտեղից երիտասարդներն ուղևորվեցին Երևանի քաղաքապետարան: Երթի ժամանակ երիտասարդները վանկարկում էին «Ազատ, անկախ Օպերա» կարգախոսը և համաժողովրդական շարժման հայտնի կարգախոսները:
Այնուհետև երթի մասնակիցները քաղաքացիներին տեղեկացնում էին, որ Հայաստանում քաղբանտարկյալների թվին է ավելանում ևս մեկը` Ազատության հրապարակը: Հասնելով քաղաքապետարան, որտեղ հավաքվել էին բազմաթիվ ոստիկաններ, ինչպես նաև բազմաթիվ գեղարվեստական խմբեր, որոնք հավանաբար քաղաքապետարանի մոտ էին եկել Երևանի տոնի հետ կապված փորձի համար, երիտասարդները դիմեցին հավաքվածներին հետևյալ խոսքերով.

«Ազատության հրապարակը գտնվում է անազատության մեջ և Սերժ Սարգսյանի պատվերը կատարելը հանձն է առել այս շենքում թաքնվող Չոռնի Գագոն և նրա թայֆան: Ուրեմն պայքարենք Ազատության հրապարակի ազատության համար»:

Երևանի քաղաքապետարանի մոտ որոշ ժամանակ մնալուց հետո երիտասարդները վերադարձան ՀԱԿ գրասենյակ` վանկարկելով իրենց կարգախոսները:
Հետդարձի ճանապարհին` անցնելով ՀՀ գլխավոր դատախազության մոտ, երթի մասնակիցները բացականչեցին, որ այսօր Աղվան Հովսեփյանի մեղքով են բանտում գտնվում 14 քաղբանտարկյալներ: Ի դեպ, երթն ուղեկցում էին բազմաթիվ ոստիկաններ, բայց այս անգամ ոչ մի միջադեպ տեղի չունեցավ:

Tekali Taxi