Գլխավոր / Армения / Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն անուշադրության է մատնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից. նամակ

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն անուշադրության է մատնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից. նամակ

ԼՂՀ Ոչ կառավարական կազմակերպությունների Խորհրդի անդամները հայտարարություն են տարածել ԼՂՀ ազատագրված տարածքներում ԵԱՀԿ գնահատման առաքելության իրականացման մասին կայացված որոշման առթիվ:
Հայտարարության մեջ ասված է.
 
«Մենք ԵԱՀԿ գնահատման առաքելությունն ընկալում ենք իբրև մի միջոցառում, որը  սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում և որից օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար:
 
Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից սպառնալիքներ են հնչում ԼՂՀ և նրա ժողովրդի հասցեին, և Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ սկսելու մասին, վերջին մի քանի ամիսներին ամեն օր գնդակոծվում է շփման գիծը և մարդիկ են զոհվում, չեն դադարում ադրբեջանական զինված կազմավորումների փորձերը` իրականացնել հետախուզական-դիվերսիոն գործունեություն ԼՂՀ տարածքում, երբ Բաքուն հավաստում է լոկ իր ագրեսիվ նպատակները` կտրականորեն հրաժարվելով դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, միջնորդները, փոխանակ զբաղվեն այդ հարցերի փաթեթով, կազմակերպում են մի առաքելություն, որը նման է ագրեսիվ կողմին խաղաղեցնելու փորձի:
 
Մեզ` Արցախի հասարակության ներկայացուցիչներիս համար, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը և Ադրբեջանի զինված կազմավորումների ագրեսիվ պահվածքը, ինչը սպառնում է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անուշադրության են մատնվում և չեն արժանանում նրա հասցեագրված գնահատականին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրները, որոնք ստանձնել են խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի կանխվեն բռնությունն ու ցանկացած որևէ արարք, ինչը սադրում է լարվածության ուժգնացում:
 
Ավելին, միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ գնահատման առաքելության աշխատանքի արդյունքները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվելու են տեղեկատվական պատերազմի ընդլայնման նպատակով, նույն կերպ, ինչպես ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է շարունակում լկտիաբար շահարկել ԵԱՀԿ նախկին առաքելությունների աշխատանքի արդյունքները:
 
ԵԱՀԿ ենթադրվող գնահատման առաքելության միակողմանի բնույթը, մեր կարծիքով, չի կարող դրական լիցք հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:
 
Որպեսզի առաքելոթյունը կարողանա ներկայացնել ամբողջական պատկերը, այն միաժամանակ պետք է անցկացվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված` ԼՂՀ տարածքներում:
 
Գնահատման առաքելությունը պետք է հանրության ուշադրությունը սևեռի նաև այդ տարածքներում հայկական մշակույթի պատմական կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի վրա, որոնց նպատակն է` ոչնչացնել հայկական էթնոսին այդ հողերի պատկանելության ամեն մի պատմա-մշակութային ապացույց, այդ թվում` նշված տարածքները ադրբեջանական ազգության անձանցով բնակեցնելու միջոցով:
 
Մենք մեր բողոքն ենք արտահայտում` ընդդեմ միջնորդների կողմից հայ փախստականների և հարկադիր տեղափոխված անձանց իրավունքների քամահրման: 
 
Դրանից բացի, հայրենիքից արդեն մեկ անգամ զրկված հայերը, ովքեր բռնագաղթել են Ադրբեջանից, իրենց գլխավերևում տանիք ձեռք բերել ազատագրված տարածքներում, դարձյալ պետք է հոգեբանական ճնշման ենթարկվեն` սթրեսի ձևով և չգիտես ինչու` բացատրեն այդ հողում ապրելու իրենց իրավունքը:

Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած որոշում պետք է կայացվի համահավասարության հիմքի վրա, ելնի իրավահավասարության և արդարության սկզբունքներից, հաշվի առնի հակամարտության մեջ ներգրավված բոլոր հասարակությունների կարծիքը, իսկ որ գլխավորն է` նպաստի լարվածության և բռնության բացառմանը, կայուն խաղաղության հաստատմանը:

Tekali Taxi