Գլխավոր / Հայաստան / Հայաստան-Իրան հարաբերություններն ավելի կզարգանան. ԱԺ նախագահ

Հայաստան-Իրան հարաբերություններն ավելի կզարգանան. ԱԺ նախագահ

Հոկտեմբերի 8-ին երկօրյա  աշխատանքային այցով Հայաստան ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի և Ալի Լարիջանիի միջև:

Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխգործակցության խորացմանը բազմաթիվ ուղղություններով:

Խորհրդարանների ղեկավարները  նշեցին, որ  հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, կարևորեցին տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը և կոնկերտ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ 2009 թվականի սեպտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցին և կարևորեց այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին  կարևորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մեջ ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին: Նա դրական գնահատեց այդ այցը, որը նպաստեց նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարևորվեց տնտեսական կապերի սերտացումը և այդ ոլորտում նախանշված ծրագրերի իրականացումը: Երկուստեք նշվեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, ինչը լավ հնարավորություն է  ստեղծում նպաստել նախատեսված ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կարևոր համարեց այն  ծրագրերի իրագործումը, որոնք  կնպաստեն տնտեսության աշխուժացմանը:

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին  և առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարեւանների հետ, և խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասաց, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարեւոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշեց, որ  խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, և ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան:

Tekali Taxi