հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թոմաս դե Վաալ. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կենդանի պահվեն

Թոմաս դե Վաալ. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կենդանի պահվեն

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց ամերիկյան Քարնեգի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը զեկույց է հրապարակել, որում հայ-թուրքական արձանագրությունները համարում է Հարավային Կովկասում վերջին տարիների ամենադրական նախաձեռնությունը:

«Այս արձանագրությունները պետք է կենդանի պահվեն, քանի որ գործընթացը դեռ հնարավորություն ունի տարածաշրջանում փոփոխություններ բերելու», – գրում է դե Վաալը` հավելելով, որ գործընթացը կարող է վերականգնվել 2011 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք Թուրքիայում ընտրություններից հետո: – «Ահա թե ինչու է կարեւոր, որ կողմերը աշխատեն գործընթացը մինչ այդ կենդանի պահելու ուղղությամբ», – Դե Վաալի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Փորձագետը միաժամանակ կարևոր է համարում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, քանի որ, նրա կարծիքով, հենց դա էր հայ- թուրքական հարաբերությունների զարգացումն արգելակող գլխավոր պատճառը և միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի հակամարտությանը` բեկելու համար այն տարածաշրջանային փակուղին, որը ստեղծվել է:

Եթե գործընթացը վերադառնա իր նախկին հունը, բոլոր ներգրավված կողմերը, այդ թվում` Միացյալ Նահանգները, պետք է առավել երկարաժամկետ նպատակներ դնեն: Հայկական ողբերգության հարյուրամյա տարելիցը` 2015 թվականին, կարող է հանդիսանալ այն ժամկետը, մինչև որը կարելի է նպատակ դնել բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները:

Հետազոտության վերջում փորձագետը կարծիք է հայտնում, որ նույնիսկ փակ սահմանների դեպքում որոշակի լուծումներ հնարավոր են: Դե Վաալի կարծիքով` այժմ թուրքական կողմն ավելի զուսպ պետք է լինի և չփորձի ղարաբաղյան հակամարտությունում միջնորդի դեր ստանձնել:

Դրական քայլերից մեկն էլ այն կլինի, որ Հայաստանը վերականգնի Նախիջևանի և Ադրբեջանի հաղորդակցությունն իր տարածքով, և էլեկտրաէներգիա մատակարարի Թուրքիայի սահմանամերձ շրջաններին: Թուրքիան, իր հերթին, պետք է ազատ մուտք ապահովի սահմանամերձ պատմական շրջաններ, ինչպիսին Անին է, որպեսզի հայերը կարողանան անարգել մուտք ունենալ դեպի իրենց պատմական վայրերը: Այն քայլերի մեջ, որոնք, ըստ դե Վաալի, պետք է կատարի Թուրքիան, օսմանյան արխիվների բացումն է և Թալեաթ փաշայի հուշարձանի ապամոնտաժումը:

Փորձագետը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի քաղաքացի են մոտ 50 հազար հայեր, բացի այդ` Թուրքիայում ապօրինի աշխատող Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք կարող են կապող օղակ հանդիսանալ երկու հասարակությունների միջև: