Գլխավոր / Армения / Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց կարելի է որոշակի տարածքներ էլ հանձնել. ընդդիմադիր

Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց կարելի է որոշակի տարածքներ էլ հանձնել. ընդդիմադիր

Հայաստանում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է նախևառաջ քաղաքական համակարգի փոփոխություն, և հետո որքան հնարավոր է արագ հարաբերությունների կարգավորում բոլոր հարևանների հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա հավելել է, որ հարկավոր է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ աշխարհում չկա այնպիսի վայր, որտեղ լինի հակամարտության գոտի և այնտեղ ներդրումներ կատարվեն:

«Քանի մարդ գիտեք, որ ներդրում է կատարել Լեռնային Ղարաբաղի սահմանային գոտիներում: Միայն Ստեփանակերտում է արտասահմանյան ներդնողների կողմից 3 հյուրանոց կառուցվել և վերջ»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Նա հավելել է, որ իրենց իշխանության օրոք նման ծրագիր էր. պետք է բնակեցվեին այդ սահմանային տարածքները, տնտեսական ներդրումներ պետք է արվեր:

«Իսկ ինչու այս իշխանությունները նման քաղաքականություն չեն վարում: Ենթադրվում էր, որ իրենք ավելի շատ պետք է շահագրգռված լինեին, բայց հակառակն է»,- նշել է բանախոսը:

Իսկ նման վիճակում, երբ ոչ թե բնակեցվել են այդ տարածքները, այլ պարզապես այնտեղ համարյա մարդ չի մնացել, ըստ Վահագն Խաչատրյանի, հակամարտության արագ լուծման համար անհրաժեշտ է նստել և բանակցել Ադրբեջանի հետ, և, ինչու ոչ, փոխզիջումների գնալ:

«Եթե հարկավոր է, պետք է որոշակի տարածքներ էլ հանձնել Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց»,- հայտարարել է Վահագն Խաչատրյանը:

Tekali Taxi