Գլխավոր / Հայաստան / Հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման անդամն ինքնակամ հանձնվել է իշխանություններին

Հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման անդամն ինքնակամ հանձնվել է իշխանություններին

«Հայ-ամերիկյան հանցավոր խմբավորման անդամներից մեկը, որին մենք չկարողացանք ձերբակալել չորեքշաբթի, ուրբաթ ինքնակամ հանձնվել է իշխանություններին», – «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Դաշնային հետախուզական ծառայության (ԴՀԾ) հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը:

Խոսքը Վահան Ստեփանյանի մասին է, ում ԴՀԾ-ն անվանում է հայկական հանցավոր խմբի նյույորքյան մասնաճյուղի ղեկավարներից մեկը: ԴՀԾ-ի տվյալներով` Ստեփանյանը մասնակցել է տարբեր մարդկանց անուններով կրեդիտային քարտեր ստանալու նպատակով կազմակերպված դավադրությանը: Բացի այդ, Ստեփանյանը, ըստ ԴՀԾ-ի տեղեկությունների, ԱՄՆ մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելիս կեղծ տվյալներ է հաղորդել իր մասին:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ ԱՄՆ-ում ձերբակալվել են հայ-ամերիկյան խոշոր մաֆիոզ խմբավորման անդամները` 44-ամյա Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Խմբավորումը ԱՄՆ-ի ապահովագրական ոլորտում մեքենայություններ իրականացնող խոշորագույն ցանց էր ստեղծել, որը կեղծ փաստաթղթերի և գոյություն չունեցող հիվանդանոցների միջոցով գումար էր կորզում  ապահովագրական Medicare հիմնադրամից:

Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, Ստեփանյանը հետախուզության մեջ է գտնվում նաև Ալբանիայի իշխանությունների կողմից` սպանության մեղադրանքով:
Հետախուզության մեջ գտնվող հանցագործների ցուցակում նրա անվան դիմաց նշված է` «զինված է և վտանգավոր»:

Դաշնային դատախազության մեղադրական փաստաթղթերում, մասնավորապես, հիշատակվում է 2009թ. մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպը: Այդ օրը Ստեփանյանը և հանցավոր խմբավորման ևս մեկ անդամ Ռոբերտ Թերջանյանը` իրենց հանցակիցների հետ միասին Բրուքլինի Բրայթոն-Բիչի ռեստորաններից մեկում «զրուցել» են մեկ այլ հանցավոր խմբավորման անդամի հետ, ով պարտք է եղել Թերջանյանին: Վերջինս հանել է դանակը և սպառնացել «պարտատիրոջ փորը թափել»:

Ստեփանյանի ձերբակալումից հետո հետախուզության մեջ է գտնվում ևս երկու կասկածյալ: Հանցավոր խմբավորման հիմնական մասը կազմում են հայերը կամ Հայաստանի քաղաքացիները: Ռոդրիգեսի խոսքով` կասկածյալների մոտ կեսը ԱՄՆ քաղաքացիներ են:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել և օգնել ԱՄՆ-ի համապատասխան կառուցներին բացահայտել մաֆիոզ խմբավորման գործունեությունը: Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ «Հայաստանի Գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնական տեղեկատվություն չի ստացել այդ առնչությամբ»: Տռուզյանի խոսքով` Դատախազությունը ձերբակալությունների մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Դիեգո Ռոդրիգեսը հաստատել է, որ Միացյալ Նահանգները հետախուզության ժամանակ չեն դիմել Հայաստանի իշխանություններին: Նրա խոսքով` դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ հետախուզությունը կենտրոնացած էր ԱՄՆ-ում կասկածյալների գործունեության բացահայտման վրա:

Միևնույն ժամանակ, Ռոդրիգեսը հայտարարել է, որ կասկածյալները պարբերաբար այցելել են Հայաստան, ինչը թույլ էր տալիս նրանց հանցավոր գործունեության արդյունքում ստացված միջոցները դուրս հանել ԱՄՆ-ի սահմաններից:

ԴՀԾ-ի գործակալի խոսքով` այս շաբաթ իրականացված ձերբակալությունները «լուրջ հարված հասցրեցին տվյալ հայկական խմբավորմանը»:

«Մեզ հաջողվել է ձերբակալել խմբավորման ղեկավարներին, այդ թվում` հայ օրենքով գող Արմեն Ղազարյանին», – ասել է Ռոդրիգեսը:

Նրա խոսքով` հայկական խմբավորման դեմ իրականացված հատուկ գործողության ժամանակ Ղազարյանից ու նրա խմբավորոման այլ անդամներից առգրավվել է 5 տուն` յուրաքանչյուրը 1 մլն դոլար արժողությամբ, մի քանի ավտոմեքենա, այդ թվում` «Մազերատի», և կանխիկ մոտ 1 մլն դոլար:

«Մենք շարունակում ենք ստուգել կասկածյալների բանկային հաշիվները»,- ասել է Ռոդրիգեսը:

Tekali Taxi