Գլխավոր / Հայաստան / Ինչպիսին համակարգն է, այնպիսին` կրթությունն է. պատգամավորը` դպրոցական հոլովակների մասին

Ինչպիսին համակարգն է, այնպիսին` կրթությունն է. պատգամավորը` դպրոցական հոլովակների մասին

Դպրոցում պետք է աշխատեն մանկավարժներ, որոնք, առաջին հերթին, երեխայի արժանապատվությունն են գնահատում և երբեք չեն փորձում նսեմացնել այն: Այս մասին հայտարարել է «Ժառանգության» անդամ, դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը, խոսելով վերջին շրջանում ինտերնետում հայտնված երկու հոլովակների մասին, որտեղ ուսուցիչները բռնության են ենթարկում աշակերտներին:

«Երեխաները շատ տարբեր են: Եվ մանկավարժի հմտությունը կայանում է նրանում, որ ինքը տարբեր գործիքներ ունենա, որպեսզի կարողանա մոտենա յուրաքանչուր երեխայի հոգուն` խոսել նրա հետ, աշխատել, կրթել և արդյունքում ստանալ այն, ինչ որ ինքը տվել է», – ասել է Բախշյանը:

«Մանկավարժական համալսարանը, որը պատրաստում է ապագա մանկավարժներին, պիտի այդ հմտությունները տա», – նշել է բանախոսը և այն հարցին` տալիս է արդյոք համալսարանն այդ հմտությունները, պատասխանեց, որ դա արդեն այլ խնդիր է:

Լրագրողները հերթական հարցն են ուղղել Աժ պատգամավորին` հետաքրքրվելով` կարող է արդյոք Իրավաբանական ֆակուլտետն ավարտած յուրաքանչյուր մարդ իրավաբան համարվել, ինչին Բախշյանը պատասխանեց հարցով` «իսկ մեր պետությունն ինչպիսի՞ պետություն է»:

«Եթե կարճ կապենք, ինչպիսին համակարգն է, այնպիսին մանկավարժությունն է, կրթությունը, իրավաբանությունը և մնացածը», – հայտարարել է Բախշյանը:

Նա համեմատել է խորհրդային տարիներին և այսօր գոյություն ունեցող մանկավարժությունը և նշել է, որ խորհրդային դպրոցում դասն էր կենտրոնում.

«45 րոպե, ուսուցիչը գրատախտակի մոտ, աշակերտներն իրենց տեղում, կար դասապրոցես»:

Սակայն ԱԺ պատգամավորը հավելել է, որ եթե տարիներ առաջ հնարավորություն լիներ ինտերնետում տեղադրել նման տեսանյութեր, դրանք ավելի շատ կլինեին: Այն ժամանակ, ըստ նրա, մանկավարժությունն ավտորիտար էր, իսկ այսօր նման խնդիրների մասին գոնե խոսվում է:

Ասուլիսի մյուս մասնակից, Մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Ռուբեն Պողոսյանը պատմել է, որ տասնյակ տարիներ անցկացրել է հոգեբանական հետազոտություններ դպրոցում.

«Մենք բազմաթիվ խնդիրների էինք հանդիպում, որոնք կարող էին այսպիսի արձագանք մամուլում չստանալ: Բայց այն, ինչ մենք տեսնում էինք, դա նորություն չէր, մենք բոլորս էլ այնտեղից ենք, չէ՞», – հռետորական հարց է ուղղել Պողոսյանը:

Պողոսյանի խոսքերով` այս հարցում պետք է ոչ թե մեղադրյալի աթոռ փնտրել, այլ հասկանալ, թե ինչ է եղել ուսուցչի և աշակերտների միջև:
Անահիտ Բախշյանը հակադարձել է` ասելով, որ դա կապ չունի, ոչ մի ուսուցիչ չպիտի թույլ տա երեխային նման իրավիճակի հասցնել.

«Նրանք կարող են պրովոկացիայի ենթարկել, գիտեք ինչ խելացի են այդ առումով, հանճար են պարզապես», – նշել է Բախշյանը:

Tekali Taxi