Գլխավոր / Հայաստան / «Արսենալը» Մխիթարյանի թիմին հաղթելու հնարավորություն չթողեց

«Արսենալը» Մխիթարյանի թիմին հաղթելու հնարավորություն չթողեց

Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրի մեկնարկից առաջ անգլիական «Արսենալը» և ուկրաինական «Շախտյորը» H խմբում 6-ական միավոր էին վաստակել: Այդ իսկ պատճառով էլ Լոնդոնում կայանալիք հանդիպումը չափազանց կարևոր էր. հաղթողը գրեթե 100 տոկոսով ապահովելու էր իր տեղը հաջորդ փուլում:

«Շախտյորի» կազմում Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից, սակայն, չնայած ողջ հանդիպման ընթացքում նա իրեն վատ չդրսևորեց, իր թիմի ընդհանուր խաղը քննադատության առիթ դարձավ. «Արսենալը» Ուկրաինայի չեմպիոնին հաղթեց առանց մեծ ջանքեր գործադրելու: Դեռևս 19-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Սոնգն օգտվեց դարպասապահ Պյատովի կոպիտ սխալից ու բացեց հաշիվը, իսկ 42-րդ րոպեին Նասրին խփեց իր թիմի երկրորդ գնդակը:

Իրավիճակը որոշակիորեն կարող էր փոխվել երկրորդ խաղակեսի սկզբում, երբ Մխիթարյանը հիանալի փոխանցումով դարպասի առջև դուրս բերեց Լուիզ Ադրիանոյին, սակայն վերջինիս հարվածը հետ մղեց դաշտի տերերի դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին: 60-ից մինչև 69-րդ րոպեն «Արսենալը» ևս երեք գնդակ խփեց Ֆաբրեսգասի, Ուիլշիրի և Շամախի ջանքերով, և «Շախտյորին» միայն հաջողվեց «թրջել» հաշիվը՝ 82-րդ րոպեին աչքի ընկավ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Էդուարդոն: Գոլային գրոհին մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտում անցկացրեց 90 րոպե:

Նշենք, որ հաղթանակից հետո H խմբում «Արսենալը» 9 միավոր ունի, «Շախտյորը» վաստակել է 6 միավոր, պորտուգալական «Բրագան»՝ 3 և սերբական «Պարտիզանը»՝ 0:
Հաջորդ տուրում «Շախտյորը» կրկին կհանդիպի «Արսենալի» հետ, այս անգամ՝ սեփական հարկի տակ:

Tekali Taxi