Գլխավոր / Армения / Գերմանիան 51 մլն եվրոյի վարկ կտրամադրի Որոտանի ՀԷԿ-ի համար

Գերմանիան 51 մլն եվրոյի վարկ կտրամադրի Որոտանի ՀԷԿ-ի համար

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և KfW բանկի առաջին փոխնախագահ Եվա Վիտը Որոտանի հէկ-երի համակարգի վերակառուցման և վերազինման ծրագրի շրջանակում ստորագրեցին  51 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր:

Որոտանի  կասկադն ունի համակարգային նշանակություն: Ծրագրով նախատեսվում է իրականացնել Տաթև, Սպանդարյան և Շամբ հէկ-երի վերազինման, էլեկտրամեխանիկական մասի վերակառուցման և նորացման աշխատանքներ, ինչի արդյունքում էապես  կբարձրանա Որոտանի հէկ-երի համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը:

Վարկի առաջին մասնաբաժինը 29 մլն եվրո է, որը  տրամադրվում է ԳԴՀ և ՀՀ կառավարությունների միջև 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, մնացած 22 մլն եվրո գումարի  լրացուցիչ ֆինանսավորման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարի հուլիս ամսին Բոննում կայացած 2009-2010թթ. հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում, տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Ծրագիրն ունի  ԳԴՀ կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ բաղադրիչ, որի մարման ժամկետը 40 տարի է` 10 տարի արտոնյալ ժամկետով, իսկ մնացած գումարը տրամադրվում է KfW բանկի սեփական միջոցներից 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ: Վարկը տրամադրվում է շուրջ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Ծրագիրը կմեկնարկի 2011թ. սկզբին, իրականացման տևողությունը 4 տարի է:

Tekali Taxi