Գլխավոր / Հայաստան / Կրկին օտարալեզու դպրոցնե՞ր. Նախաձեռնությունը կոչ է անում մշտազգոնության

Կրկին օտարալեզու դպրոցնե՞ր. Նախաձեռնությունը կոչ է անում մշտազգոնության

Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադեպ դրսևորում, որի՝ տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ հեղինակներն ակնհայտորեն լավ չեն հաշվարկել իրենց քայլերը: Այսպիսի հայտարարությամբ են երեկ հանդես եկել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները` նշելով, որ իշխանությունները հետ են կանգնում օտարալեզու դպրոցները չբացելու իրենց խոստումից:

Նախաձեռնության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց հետևյալը. «…օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի և կոալիցիոն գործընկերների հետ: … առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները: Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարում են, որ ԱԺ պաշտոնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում հղում կատարելով նախարար Աշոտյանի խոսքին՝ նշվում է, որ «քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում»:

«Հակառակ սեփական հայտարարություններին, ըստ երևույթին, այդպես էլ չգտնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորությունը, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի թիվ 45 նիստում քննարկման է դրվելու նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում ասված է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Վերջինս նախատեսում է օտարալեզու 11 դպրոցների բացման հնարավորությունը, ինչը, մեր համոզմամբ, միայն առաջին փուլն է լինելու: Եվս մեկ անգամ մեր համախոհներին կոչ ենք անում մշտազգոնության՝ աչքի տակ ունենալով այս անփառունակ օրինակը», – ասված է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հայտարարության մեջ:

Tekali Taxi