Home / Армения / ԵԽ գլխավոր քարտուղարը չի ստացել հայաստանյան ՀԿ-ների նամակը

ԵԽ գլխավոր քարտուղարը չի ստացել հայաստանյան ՀԿ-ների նամակը

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին չեն փոխանցել 11 հայաստանյան հասարակական կազմակերպությունների նամակը, որով նրան խնդրում են հանդիպել ՀՀ-ում առկա 13 քաղբանտարկյալների հետ:

«Ինձ որևէ մեկը բան չի փոխանցել: Ես տեղյակ չեմ, որ որևէ մեկն ինձ նման խնդրով դիմել է»,- «Ա1+»-ին ասել է պարոն Յագլանդը:

Նրա խոսքով` ԵԽ-ի համար անընդունելի է քաղբանտարկյալների առկայությունը. «Մարդիկ չեն կարող ազատազրկվել իրենց քաղաքական հայացքների համար: Մենք չենք կարող միջամտել Ձեր երկրի ներքին խնդիրներին: Մենք այդ հարցը բարձրացնում ենք ձեր իշխանությունների հետ հանդիպումներ ընթացքում: Այդ հարցը պետք է լուծեն ձեր ազգային ինստիտուտները»:

Յագլանդը երեկ պետք է հանդիպեր մարտի 1-ի 10 զոհերի հարազատների հետ, սակայն զբաղվածության պատճառով չկարողացավ անել դա. Փոխարենը` նրանց հետ ԵԽ այլ ներկայացուցիչ հանդիպեց:

Ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ երկուս ու կես տարվա ընթացքում 10 զոհերից որևէ մեկի սպանությունը չի բացահայտվել հարցին ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն այդպես էլ չանդրադարձավ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ Յագլանդին նամակ էին հղել` կոչ անելով ԵԽ գլխավոր քարտուղարին ստիպել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և ապահովել 2008թ. Մարտի 1-ի դեպքերի անկախ և անաչառ հետաքննությունը:
Բացի այդ, նրան խնդրել էին այցելել 2008թ. նախագահական ընտրություններից հետո բանտարկված անձանց:

Նամակի տակ ստորագրել էին Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Լևոն Բարսեղյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), Նատալյա Միրզոյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե), Նադեժդա Հակոբյանը (Մենք պլյուս ՀԿ), Սոնա Այվազյանը (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Մելիսա Բրաունը (Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ), Միքայել Դանիելյանը (Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա),
Վարդան Հարությունյանը (Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ), Նունե Դիլանյանը (Միջնաբերդ մշակութային-կրթական հ/կ), Կարեն Հակոբյանը (Հույս հ/կ), Իզաբելլա Սարգսյանը (Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության):

Tekali Taxi