Գլխավոր / Հայաստան / Երիտասարդական ենթամշակույթը ստիպում է քահանային «թուրքի դեմ կռվելու» կոչ անել

Երիտասարդական ենթամշակույթը ստիպում է քահանային «թուրքի դեմ կռվելու» կոչ անել

«18 տարեկան երեխան պետք է գնա բանակ` թուրքի դեմ կռվելու, բռնում, ինքնասպան է լինում, բա եղա՞վ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Ղևոնդ քահանա Մայիլյանը շատ վրդովված էր: Բանակ գնալուն, պարզվում է,  ինքնասպանությամբ խոչընդոտում է երիտասարդների մի խումբ, որն իրեն կոչում է «էմո»:

«Էմո»-ն էմոցիոնալ բառի կրճատ ձևն է: Եվրոպայում մոտ տասը տարի է արդեն գործում է էմոների ենթամշակույթը, հիմա էլ երիտասարդական այս ուղղությունը եկել հասել է Հայաստան: Երիտասարդների այս խմբին կարելի է ճանաչել հագուստից` հագուստի որևէ տարր անպայման պետք է լինի վարդագույն ու սև: Սանրվածքն էլ է յուրօրինակ, նրանք նաև էմո ոճի երաժշտություն են լսում: Հետաքրքիր է նաև, որ էմոները մեկ համար փոքր կոշիկներ են կրում, որպեսզի անհանգստություն ու նեղություն զգան:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանն ասում է, որ էմոներին կարելի էր հանգիստ վերաբերվել, եթե չլինեին նրանց բնորոշ մի քանի գործողությունները: Յուրաքանչյուր էմո մինչև 17 տարեկանը պետք է գոնե մեկ անգամ ինքնասպանության փորձ կատարած լինի, սա պարտադիր պայման է, համոզված է Ամարյանը:

Մեր ցանկացած դպրոցում կան էմոներ, ասել է բանախոսը, և շատ մտահոգված է` ունի դպրոցահասակ երկու երեխա և նրանց պահում է խիստ հսկողության տակ, մեկ էլ տեսար ընկան երիտասարդկան այս շարժման  ազդեցության տակ, և հետո արդեն նրանց շատ դժվար կլինի հետ բերել:

Էմոների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, բայց Ալեքսանդր Ամարյանն իր մոտավոր հաշվարկներով գիտի, որ Հայաստանում այսօր կան մոտ 3000-4000 էմոներ: Նա նշում է, որ այս ենթամշակույթը Հայաստանում գործում է աղանդավորական կազմակերպությունների հոգևորսության մեթոդով: Բանախոսի կարծիքով` հնարավոր է կանխել ավելի շատ երիտասարդների ներգրավումն այս խմբին, եթե պետությունը գործի դնի պայքարի իր հնարավորությունները:

«Ամեն դպրոցում պետք է մեկ-երկու հոգեբան լինի և աշխատի երեխաների հետ», – համոզված է Ամարյանը:

Tekali Taxi