Գլխավոր / Армения / Հացադուլավոր գրողը համոզված է, որ բնությունն էլ քաղբանտարկյալ է

Հացադուլավոր գրողը համոզված է, որ բնությունն էլ քաղբանտարկյալ է

Այսօր արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի Կոմիտասի այգում շարունակվում է գրող- հրապարակախոս, երգիչ-արվեստաբան Վահրամ Թաթիկյանի նախաձեռնած հացադուլը այգու տարածքում դելֆինարիումի կառուցման դեմ:

Շինարարությունից մի քանի մետր հեռավորության վրա Վահրամ Թաթիկյանը, իր խոսքով, սեփականացրել է մի տաղավար, որը շրջապատված է բազմաթիվ նկարներով և պաստառներով:

Տաղավարում Թաթիկյանը տեղավորել է իր քնապարկը, ջուր, բազմաթիվ բնանկարներ, և, նրա փոխանցմամբ, ինքն ամբողջ գիշեր լուսնի լույսի տակ իր` «Հայական գորգարվեստի պատմություն» գրքի վրա է աշխատել:

Նա նաև պատմել է, որ գիշերը այգու շներին վարժեցրել է, որ իրեն պահպանեն, արդեն կերարկրում է նրանց:

«Այստեղ կան առնետներ, 4 օձ կա, իսկ շներն այլևս անտեր, թափառող չեն, իմ շներն են: Եվ, ընդհանրապես, այստեղ կենդանիների պաշտպանության համար իդեալական վայր է»,- ասել է հացադուլավորը:

Թաթիկյանն այսօր նաև բացօթյա ասուլիս էր կազմակերպել: Նա
հայտարարել է, որ շարունակելու է հացադուլը նաև շինության ապամոնտաժումից հետո,
այնքան ժամանակ, մինչև այգին չբարեկարգվի:

«Իսկ
դելֆինարիում կարող են կառուցել հարակից գործարաններից մեկի տարածքում, մի տեղ`
շնաձկների համար, մի տեղ կարող են առնետներ բազմացնել»,- ասել է գրողը:

Նա պատմել է, որ դեռևս 4-րդ դասարանից սկսել է բնապահպանական ակցիաները, եղել է նախաձեռնող:

«88-ին էլ քաղբանտարկյալների համար եմ հացադուլ արել, հիմա էլ ես եմ քաղբանտարկյալ, մեր բնությունն է քաղբանտարկյալ: Ինչ է նշանակում համատարած գործազրկության, աղքատության պայմաններում նման թանկարժեք զվարճանքի վայր կառուցել»,- պատմել է Վահրամ Թաթիկյանը:

Նշենք, որ երեկ Վահրամ Թաթիկյանին այցելել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այգու հարակից շենքերից բնակիչներ և ոստիկաններ են եկել, և իրենց հեռախոսահամարներն են թողել, որպեսզի կարիքի դեպքում հացադուլավորն ահազանգի իրենց:

Ի դեպ, մեր` այնտեղ գտնվելու ժամանակ «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահագն Փիլիպոսյանը զրուցում էր շինարարության աշխատակիցների հետ, երբ երկու ոստիկան մոտեցան, առանձին խոսեցին բանվորների հետ, և միասին հեռացան:

Վահագն Փիլիպոսյանն էլ Epress.am-ին փոխանցեց, որ, հավանաբար, այդ ոստիկանները հանձնարարեցին բանվորներին որևէ կոնտակտի մեջ չմտնել իրենց հետ:

Հիշեցնենք, որ դելֆինարիումի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը:

4 դելֆինները, 2 ծովային կատուները, 1 ջրառյուծը Երևան կբերվեն Օդեսայից:

Tekali Taxi