Գլխավոր / Հայաստան / Հայաստանում խնդիրները կլուծվեն կրիտիկական զանգվածի միացմամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանում խնդիրները կլուծվեն կրիտիկական զանգվածի միացմամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

Հոկտեմբերի 23-ին ի պաշտպանություն Թեղուտի անտառների կազմակերպված համերգ-հանրահավաքին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Epress.am-ի խնդրանքով իր տեսակետը հայտնեց միջոցառման և դրան նախորդած խոչընդոտների վերաբերյալ.

«Եթե արգելքի փորձ է եղել, բոլոր դեպքերում անհաջող է եղել, որովհետև մեր իսկ մասնակցությամբ և վկայությամբ Հայաստանի շատ քաղաքացիներ միացել են, որովհետև հասկանում են, որ բնապահպանական, հայեցի լեզվի, ազգային խնդիրների, մարդու իրավունքների հարցերը շաղկապված են, և դա համազգային օրակարգ է: Ես կարծում եմ, որ երբ ժողովուրդը իր բոլոր շերտերով, և առանձին դեռ շատ հարցերով ի մի գա, և բնապահպանի գործը լինի նաև հայոց լեզվի անաղարտ պահելը, հայոց լեզվի մասնագետը նաև փոխադարձ հարգանք տածի բնապահպանության հանդեպ, ազգային և ժողովրդավարական օրակարգերն իրականում միավորվեն, այստեղ որակի այս հավաքը կվերածվի քանակի, և այն ժամանակ ոչ հոսանքազրկում, ոչ ոստիկանական արգելքներ չեն կարողանա կասեցնել հայ ժողովրդի ձայնը, բոլոր մեզ հուզող հարցերում», – նշել է Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ճշգրիտ է այն մոտեցումը, որ միայն կրիտիկական զանգվածի համալիր միացմամբ` բնապահպանություն, լեզու, մարդու իրավունքներ, քաղաքացու ազատություններ, Արցախի ինքնիշխանություն և Հայաստանի ազատություն, կկարողանանք լուծել այս հարցերը:

«Ես բոլոր դեպքերում հետևում եմ այս միջոցառմանը, չեմ հիասթափվում, չեմ հուսախաբվում. սա պայքար է, սա կյանքի և հայրենիքի պայքար է, և ոչ մի արգելք, ոչ մի խոչընդոտ, ոչ մի իշխանություն չի կարող կասեցնել այդ պայքարը, եթե մենք լայն զանգվածով ընդգրկուն մոտեցմամբ առաջ գնանք», – նշել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ համերգ-հանրահավաքից առաջ ոստիկանությունից կազմակերպիչներին ասել էին, որ միջոցառումն անօրինական է: Կազմակերպիչները նշել էին, որ միջացառման մասին իրազեկումից հետո 72 ժամվա ընթացքում իրենք համերգ-հանրահավաքը արգելող փաստաթուղթ չէին ստացել, ինչը, ըստ օրենքի, նշանակում է, որ այն կարելի է արտոնված համարել: Ամեն դեպքում, Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի արձանի մոտ հավաքված ակտիվիստները հնարավորություն չէին ունեցել ելույթներից հետո համերգ կազմակերպել, քանի որ հարակից սրճարաններից մեկը, խախտելով նախնական պայմանավորվածությունը, հոսանք չէր տրամադրել:

Tekali Taxi