Գլխավոր / Армения / ՀՖՖ նախագահը կարող է ընտրվել անսահմանափակ անգամ. նախագիծ

ՀՖՖ նախագահը կարող է ընտրվել անսահմանափակ անգամ. նախագիծ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Ընդհանուր ժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 27-ին, պատվիրակներին նոր կանոնադրության նախագիծ է ներկայացվելու, որի կետերից մեկի համաձայն ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետը չի սահմանափակվելու: Այս մասին այսօր «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդման ժամանակ հայտնել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Նշենք, որ ներկա կանոնադրության համաձայն նախագահի պաշտոնը սահմանափակվում է 4 ժամկետով՝ յուրաքանչյուրը 4 տարի տևողությամբ: Արմեն Մինասյանի խոսքով՝ կանոնանդրության փոփոխությունը կատարվել է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի իրավաբանների առաջարկությամբ: Այսպիսով, ՀՖՖ կանոնադրության տվյալ կետը նույնպես համապատասխանեցվելու է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից մշակած համապատասխան դրույթին:

«Ժամկետի սահմանափակումը ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի դրույթներին հակասող դրույթ էր, որը մեր կանոնադրությամբ նախատեսված էր, և միջազգային ֆուտբոլային կառույցների հետ քննարկման արդյունքում մեր նախագծում ընդգրկվեց սահմանափակումը հանելու հարցը», – նշել է Արմեն Մինասյանը:

Ինչպես նույն հաղորդման ժամանակ հայտնեց ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Էդիկ Մարգարյանը, կանոնադրության նախագծում ևս մեկ փոփոխության մասին է նշվում, համաձայն որի ՀՖՖ նախագահ կարող են ընտրվել միայն այն անձինք, ովքեր Հայաստանի քաղաքացի են և մշտապես բնակվում են Հայաստանում: Ներկայիս կանոնադրության համաձայն՝ ՀՖՖ նախագահ կարող է ընտրվել նաև ոչ Հայաստանի քաղաքացին:

ՀՖՖ Ընդհանուր ժողովի պատվիրակները նոր նախագծի ճակատագիրը կորոշեն քվերակության միջոցով:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանական անձանց միություն է, որի կազմում ընդգրկված յուրաքանչյուր կազմակերպություն կարող է Ընդհանուր ժողովին մասնակցել և քվեարկել՝ ունենալով 3 պատվիրակ:

Tekali Taxi