Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ցանկանում են փոխել ընկերության հիմնադրման կարգը

Հայաստանում ցանկանում են փոխել ընկերության հիմնադրման կարգը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի և այլ մարմինների հետ:

Բացի այդ, առաջարկվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից: Հաշվառումը հավաստող փաստաթուղթը` վկայականը պետք է ներառի ՀՎՀՀ-ն: Նշված իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ կարգելվի այն իրավաբանական անձանց գրանցումը, որոնց հիմնադիրները դատապարտված են եղել տնտեսական գործունեության դեմ ուղղված, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար և նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Նախատեսվում է նաև ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում, ընկերության հիմնադրման ընթացակարգերի իրականացում ներկայիս 18-20 օրվա փոխարեն 5-6 օրում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված երկու օրենսդրական փաթեթները կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի և հոկտեմբերի 25-28-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Tekali Taxi