Գլխավոր / Հայաստան / Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն առաջին անգամ անդրադարձավ արցախյան հիմնախնդրին

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն առաջին անգամ անդրադարձավ արցախյան հիմնախնդրին

Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրյո քաղաքում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացավ կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված և դիտորդ երկրների բարձրաստիճան  պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում  առաջին անգամ ընդգրկվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված և երկարատև կարգավորման հիմք» :

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրեց գործող գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

Tekali Taxi