Գլխավոր / Армения / Դե Վաալ. Նոր պատերազմը Ղարաբաղում աղետ է Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի համար

Դե Վաալ. Նոր պատերազմը Ղարաբաղում աղետ է Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի համար

Հարավային Կովկասը ռազմավարական կարևոր տարածաշրջան չի հանդիսանում աշխարհի համար: Այս մասին Вестник Кавказа-ին տված հարցազրույցում հայտարարել է Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող, «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

«Եթե մենք գերագնահատենք տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը, կարող ենք բարձրացնել տեղի քաղաքական ֆիգուրների ինքնագնահատականը: Դա, ցավոք, 2008թ. եղավ Վրաստանի հետ: Իրականում տարածաշրջանի կարևորությունը հիմնականում մինուս նշանով է, քանի որ դրա անկայունությունն ու բոցկլտող հակամարտությունները մինչ օրս ի զորու են վնաս հասցնել մեծ տարածաշրջանին»,- մեկնաբանել է դե Վաալը:

Նա նաև նշել է, որ «եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրկին վերածվի պատերազմի, այն կանդրադառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի վրա: Այն աղետալի ազդեցություն կունենա Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Կասպից ծովի նավթագազային ճյուղի վրա: Դրանից ելնելով, կարծում եմ, մենք պետք է ձգտենք Հարավային Կովկասի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, որի արդյունքում տարածաշրջանը կդառնա չեզոք գոտի, որտեղ հաշվի կառնվեն բոլոր խոշոր տերությունների և հարևան երկրների շահերն այն պայմանով, որ դրանք թշնամական չեն լինի: Որքան փոքր են այդ շահերը, այնքան ավելի լավ»:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն այսօր շատ մտահոգիչ է, պատերազմն ավելի հավանական է, քան խաղաղությունը: Նման մտքերի են հանգեցնում հետևյալ գործոնները` հայ-թուրքական գործընթացի սառեցումը և «Պրահայի գործընթացի» հոգնածությունը: Արդյունքում` այս տարի խաղաղ գործընթացը հայտնվեց տապալման եզրին, իսկ փոխհրաձգության դեպքերը շփման գծում մի քանի անգամ ավելացան: Մինչ օրս աշխարհում տպավորություն է ստեղծվել, որ հնարավոր է վերահսկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ այն վտանգավոր չէ և չի պահանջում միջազգային հանրության կողմից լրացուցիչ ջանքեր, քանի որ կողմերը պարզապես չեն ցանկանում ստորագրել համաձայնագիր, որը իրենց հայրենիքում պոպուլյար չի լինի: Այսօր այդ դիրքորոշումը շատ լավատեսական է թվում: Կա վտանգ, որ դիմակայությունը կարող է կրկին պատերազմի վերածվել, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պետք է մեծ ճնշում գործադրեն երկու կողմերի վրա, նրանք պետք է սկսեն քննարկել անվտանգության այն երաշխիքները, որոնք կարող են խոստանալ խաղաղ պայմանագրի պայմանները պահպանելու համար, երբ երկու երկրների նախագահներն այն ստորագրեն»,- հայտնել է փորձագետը:

Թոմաս դե Վաալը նաև նշել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն ամենավառ օրինակն է, որը ես գիտեմ, դժվար է գտնել մի հայի կամ ադրբեջանցու, ով չհավատա, թե Ղարաբաղն իրենցն է: Այդ հակամարտության կարգավորման ու լուծման միասնական մոտեցման որոնումը կսկվի այն ժամանակ, երբ երկու կողմերը հաղթահարեն հոգեբանական պատնեշը և դադարեն համարել մյուս կողմի դիրքորոշումն անարդար կամ անօրինական: Ցավոք, այդ պահը դեռ շատ հեռու է»:

Tekali Taxi