Գլխավոր / Армения / Դպրոցի տնօրենին մեղադրում են գումարներ յուրացնելու մեջ

Դպրոցի տնօրենին մեղադրում են գումարներ յուրացնելու մեջ

Ոստիկանության` Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է Շիրակի մարզի Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հարությունյանը  2008թ. հոկտեմբեր ամսից  մինչև  2009թ. դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն: 2008-2009 և 2009-2010թթ. ուսումնական տարիների ընթացքում «ՀՀ ԿԳՆ ԾԻԳ պետական հիմնարկի դասագրքերի շրջանառու հիմնադրամ»-ի կողմից  դպրոցին հատկացված  դասագրքերի դիմաց աշակերտներից հավաքված գումարներից  համապատասխանաբար ստացել է 190 000 և 270 000 դրամ գումար: Ըստ նախաքննության` գումարները գործադիր տնօրենը չի մուտքագրել հիշյալ հիմնադրամի  հաշվին և յուրացրել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`  ըստ էության քննելու, հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը:

Tekali Taxi