Գլխավոր / Հայաստան / Տնօրենն ամաչում է Էրեբունի թանգարանի անմխիթար վիճակի համար

Տնօրենն ամաչում է Էրեբունի թանգարանի անմխիթար վիճակի համար

Էրեբունի արգելոց-թանգարանը լիովին վերակագնելու համար անհրաժեշտ է 350-400 միլիոն դրամ, բայց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի տրամադրության տակ այսօր կա ընդամենը 15 միլիոն: Չգիտեն` որն անել:

Այս տարվա օգոստոսի 19-ի որոշմամբ` Էրեբունի արգելոց-թանգարանը դուրս եկավ Մշակույթի նախարարության ենթակայությունից և տրվեց քաղաքապետարանին: Քաղաքապետարանի տակ անցան նաև էրեբունի թանգարանի մյուս երկու մասնաճյուղերը` Կարմիր բլուրն ու Շենգավիթը: Հիմա իրավունքների փախանցման աշխատանքներն են ընթանում:

Գագիկ Գյուրջյանը չի կարող ասել, թե թանգարանի` քաղաքապետարանի ենթակայության տակ անցնելը լավ է, թե վատ, գիտի միայն, որ դա ավելի տրամաբանական է:

Նրա խոսքով` թանգարանն այսօր շատ վատ վիճակում է, ցանկապատ չկա, և ով երբ ուզում մտնում է այնտեղ, չկան հսկիչներ, երեխաներն անարգել կարող են վազվզել ու քանդել առանց այն էլ քանդված պատերը:

Էրեբունի Երևան տոնակատարությունների ժամանակ այցելուների թիվը թանգարան մի քանի անգամ ավելանում է, բայց այս հանգամանքը տնօրենին այնքան էլ չի ուրախացնում: Նրա խոսքով` թանգարանն այն վիճակում չէ, որ կարողանա շատ այցելուներ ընդունել:

Նամակներ են գրել քաղաքապետարան ու մշակույթի նախարարություն, քաղաքապետարանն այս ուղղությամբ ծրագրեր սկսել է մշակել, իսկ ահա մշակությի նախարարությունն արդեն տրամադրել է 15 միլիոն:

Գագիկ Գյուրջյանը թանգարանի վերականգնման մի մեծ նախագիծ է մշակել և ցանկանում է, որ ամեն ինչ միանգամից նորոգվի: Իրենց ձեռքի տակ եղած գումարով իրենք կարողանում են միայն ամրացնել պատերը, թե չէ «դոմինոյի սկզբունքով փլուզված մի պատին հետևում են նաև մյուսները»: Ցանկալի արդյունքն, իհարկե, այն կլինի, որ արգելոց- թանգարանը հասնի 1968 թվականի մակարդակին, երբ պատերը կանգուն էին, Խալդի ու Արգիշտիի պալատները`  վերականգնված:

Tekali Taxi