2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի աջակցել Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնին

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում նպատակ ունի նպաստել հանդուրժողականության տարածմանը, թույլ տալ ծանոթանալ այլ մշակույթին և տեղ տալ բազմակարծությանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է ԱՄՆ Դեսպանատան խոսնակ Քերըն Ռոբլին` մեկնաբանելով նոյեմբերի սկզբին Հայաստանում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ բարձրացած աղմուկը:

«Սրանք ցանկացած ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր արժեքներ են: Կարծում ենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը հիանալի մտահղացում էր, և այդ իսկ պատճառով որոշել ենք աջակցել դրա իրականացմանը և այժմ էլ աջակցում ենք», - ասել է Ք.Ռոբլին:

Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպվում է «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի»  նախաձեռնությամբ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Փառատոնի մասին ազդը տեղադրվել էր Facebook հասարակական ցանցում, որը լուրջ բանավեճերի առիթ էր տվել: Որոշ օգտատերեր անգամ սպառնալիքներ էին հնչեցնում կազմակերպիչների հասցեին` անվանելով նրանց դավաճաններ:

Epress.am-ի հարցին, թե արդյոք բողոքների այս ալիքի հետևանքով փառատոնի անցկացումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ԱՄՆ դեսպանատան խոսնակը նշեց, որ իրենք հույս ունեն, որ դա տեղի չի ունենա:

«Հուսով ենք, որ նախագիծը կրիրականացվի այնպես, ինչպես ծրագրվում էր», - հայտնել է Ռոբլին: