Գլխավոր / Армения / ԱԳՆ-ում քննարկեցին հայ-կանադական հարաբերությունները

ԱԳՆ-ում քննարկեցին հայ-կանադական հարաբերությունները

Նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (John Sloan, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե քաղաքական երկխոսության, թե խորհրդարանական և թե ապակենտրոնացված համագործակցության ձևաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան Սլոանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում և արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` իր առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Սլոանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը` վերջին շրջանում տարբեր ոլորտներում աշխուժացած երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները կարևորեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կանադայի համագործակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Էդվարդ Նալբանդյանն ու Ջոն Սլոանը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ. այդ ենթատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ օրակարգային է դարձել Երևանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը: 

Tekali Taxi