Գլխավոր / Армения / Հայաստանն ու Վրաստանը պաշտոնական մակարդակով խնդիրներ չունեն. Էլբակիձե

Հայաստանն ու Վրաստանը պաշտոնական մակարդակով խնդիրներ չունեն. Էլբակիձե

Չնայած դիվանագիտական մակարդակով պարբերաբար առաջացող խնդիրներին` ընդհանուր առմամբ հայ-վրացական հարաբերությունները կարելի է նորմալ անվանել: Այս մասին Epress.am-ին տված հարցազրույցում ասել է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասի ինստիտուտի կոնֆլիկտաբան (CIPDD) Մարինա Էլբակիձեն:

«Երբ ՄԱԿ-ում ընդունում էին Աբխազիայի և Օսիայի փախստականների հարցով բանաձևը, Հայաստանն այն չընդունեց: Սա առաջ բերեց վրացական կողմի դժգոհությունը, բայց պաշտոնական մակարդակով դժգոհություն չեղավ»,- նշել է Էլբակիձեն:

Ինչ վերաբերում է մամուլին, ապա վերջինիս արձագանքն իսկապես բացասական էր:

«Սկսեցին վերլուծել, թե ինչու Հայաստանը շահագրգռված չէ ՄԱԿ-ի` նման կարգի բանձևերը սատարելու մեջ: Հավանական տարբերակներից մեկը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Եթե Հայաստանը համաձայնի, որ մարդիկ Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնան, ապա պետք է մտածել նաև փախստակնների` Ղարաբաղ վերադառնալու խնդրի մասին: Հայաստանի դիրքորոշումն այլ կերպ էլ էր բացատրվում. Հայաստանը դեմ էր փախստականների` Աբխազիա վերադառնալուն, քանի որ ինքը` Հայաստանը, հետաքրքրված է Աբխազիայով: Այնուհետև սկսել են մտաբերել 90-ական թվականները, վրաց-աբխազական պատերազմը, Բաղրամյանի ստորաբաժանումը և այլ իրադարձությունները: Սակայն դա հարցի պաշտոնական մեկնաբանություն չէ, այլ ուղղակի անհիմն բամբասանք»,- ասել է Էլբակիձեն:

Նրա խոսքով` Վրաստանի համար ավելի կարևոր հարց է Գյումրիում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման խնդիրը, որը լուրջ վերլուծության առիթ է դարձել:

«Վերջին շրջանում դրան նաև ավելացել է վերջերս ստորագրված ռուս-հայկական համագործակցության և փոխօգնության մասին ռազմական համաձայնությունը: Այս հարցի վերաբերյալ քաղաքական երևակայությունը բազմաժանր կարող է լինել, բայց հարցն ինքնին ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է, այդ թվում` թե որտեղ, ինչպիսի  ռազմակայան է տեղակայված, խոշոր խաղորդներից, օրինակ, Ռուսաստանը որքանով է շահագրգռված դրանցում և ինչի կարող է հանգեցնել նման շահագրգռվածությունը»,- ասել է կոնֆլիկտաբանը:

Նա նաև նշել է, որ դիվանագիտական մակարդակով երկրները պաշտոնապես բարեկամական հարաբերություններ են ցուցադրում, քննարկում են կարևոր հարցեր, այդ թվում` շատ սուր հարցեր, օրինակ, հայաբնակ Ջավախքի հարցը:

«Այնուհետև հասարակությանը տեղեկացնում են, թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների ընթացքում, բայց երբեք չեն նշում, թե ինչ որոշումներ են ընդունվել»,- հավելել է Էլբակիձեն:

Tekali Taxi