Գլխավոր / Армения / Ոչ թե դատ է, այլ` բեմադրություն, կարծում է ՀԱԿ ակտիվիստը

Ոչ թե դատ է, այլ` բեմադրություն, կարծում է ՀԱԿ ակտիվիստը

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներ` Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի դատավարության հերթական փուլն անցավ այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ Սարգիսը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, իսկ Դավիթը՝ խուլիգանության մեջ: Երիտասարդներն այս տարվա մայիսի 31-ին փորձել են մտնել Ազատության հրապարակ, որից հետո ոստիկանները խոչընդոտել են նրանց մուտքը, ապա բերման ենթարկել:

Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց այդպես էլ դատարան չներկայացած գործով անցնող տուժողների և վկաների ցուցմունքները: Քիրամիջյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը հանդես եկավ հայտարարությամբ և, մեջբերելով Եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթը, ասաց, որ  չի կարելի հրապարակել վկաների և տուժողների ցուցմունքներ նրանց բացակայության պայմաններում, սակայն դատավորը հստակեցրեց, որ հրապարակելը դեռ չի նշանակում գնահատական տալ:

Epress.am-ի հետ զրույցում Սարգիս Գևորգյանն ասաց, որ երբ իրենք լսեցին այդ ցուցմունքները, արձանագրեցին, որ կան բազմաթիվ հակասություններ, որոնց մասին դատարանում հայտարարությունների տեսքով իրենք բարձրաձայնել են: Գևորգյանը և Քիրամիջյանն այդ ցուցմունքները որակեցին կեղծ և շինծու: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հակասություն է նկատել գործով անցնող տուժող Վարազդատ Թադևոսյանի խոսքերում, ով երկու անգամ է ցուցմունք տվել:

«Առաջինում նա նշել է, որ ես իր ակնոցը կոտրել եմ, իսկ երկրորդ ցուցմունքնում նշել է, որ Ռուբեն Այվազյանը գտել է իր ակնոցը: Վարազդատը նաև սկզբում նշել է, որ չի հասկանում, թե ինչու են իրեն ձերբակալել, հետո ութ էջ գրել է, որ ես իր հետ վիճաբանել եմ, բայց ես չէի կարող իր հետ վիճաբանել, քանի որ իր նշած ժամանակահատվածում ես այնտեղ չեմ եղել»,- ասաց Դավիթ Քիրամիջյանը:

Նշենք նաև, որ Վարազդատ Թադևոսյանը իր ցուցմունքում, նշելով մայիսի 31-ի դեպքերի մասին, ասել էր, որ իրադարձությունները տեղի են ունեցել Oպերայի շուրջ, մինչդեռ իրականում Դավիթի և Սարգսի հետ կապված դեպքերը տեղի են ունեցել Սարյանի արձանի հարակից տարածքում:  Այսօրվա դատական նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրյալները հայտարարել են, որ իրենք լրացուցիչ ապացույցներ են ներկայացնելու:

«Այս դատավարությունը որակում եմ խայտառակություն, ոչ մի հիմնավոր բան չկա, և իրենց  ստեղծած հեքիաթներով են շարժվում: Իրավական առումով սա դատ չի,  այլ` բեմադրություն: Շուտով մենք մեր տեսագրությունները և այլ ապացույցներ ենք ներկայացնելու, որից հետո իրենց ցուցմունքները հավասարվելու են զրոյի»,- ասաց Սարգիս Գևորգյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի  16–ին, ժամը 10.00-ին:

Tekali Taxi