Գլխավոր / Армения / Ադրբեջանցի քաղաքագետին մտահոգում է Ռուսաստանի միջնորդությունը ղարաբաղյան հարցում

Ադրբեջանցի քաղաքագետին մտահոգում է Ռուսաստանի միջնորդությունը ղարաբաղյան հարցում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն արդեն իսկ դրական քայլ է, քանի որ վերսկսվել է բանակցային գործընթացը, որը վերջին շրջանում գրեթե դադարեցվել էր: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի աստրախանյան հանդիպումը, գրում է ադրբեջանական «Շարգ» պարբերականը:

Քաղաքագետի կարծիքով` Աստրախանի հանդիպումը շատ կարևոր էր Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ: Նրա խոսքով` 1999 թվականին նմանատիպ գագաթաժողովից առաջ Ստամբուլում մշակվել էին խաղաղ համաձայնության դրույթները, այնինչ այդ փաստաթղթի ստորագրումը կասեցվել էր Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով:

«Տեսնենք, կհաջողվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առջընթաց գրանցել»,-նշել է Հուսեյնլին:

Այն փաստը, որ միջնորդի դերը գրեթե լիովին իր վրա է վերցրել Ռուսաստանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուսը, կարծես, մի կողմ են քաշվել, Հուսեյնլին «մտահոգիչ» է անվանել: Նրա կարծիքով`երբ համաշխարհային հանրության մյուս անդամները մի կողմ են քաշվում, Ռուսաստանը միջազգային խնդիրների լուծման հարցում փորձում է իրականցնել սեփական ռազմավարական շահեր, ինչը վնաս է հասցնում բանակցային գործընթացին:

Մեկ այլ փորձագետ` Հուսեյնբալա Սալիմովը, կարծիք է հայտնել, որ Աստրախանի հանդիպումից հետո լուրջ արդյունքներ պետք չէ ակնկալել: Նրա խոսքով` մինչ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ էր վարում Մեդվեդևի և Ալիևի հետ, Հայաստանի խորհրդարանը քննարկում էր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Մի կողմից Ռուսաստանը միջնորդի դեր է իրականացնում, մյուս կողմից էլ ՀՀ խորհրդարանը այնպիսի հարցեր է քննարկում, որոնք խարխլում են այդ միջնորդությունը:

«Սա նշանակում է, որ կամ Հայաստանը պատրաստ չէ իրական բանակցությունների, կամ էլ Ռուսաստանի միջնորդությունը խորհրդանշական կամ ձևական բնույթ է կրում»,- նշել է Սալիմովը:

Քաղաքագետը նաև ասել է, որ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ապա այն ոչ թե պետք է նախագահների հանդիպումներ կազմակերպի, այլ միջոցներ ձեռնարկի, որոնցով Հայաստանին խաղաղության կդրդի, իսկ նման լծակներ Ռուսաստանն, անկասկած, ունի:

Tekali Taxi