Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ը մտադիր է օգտագործել պահը` ի օգուտ քաղբանտարկյալների

ՀԱԿ-ը մտադիր է օգտագործել պահը` ի օգուտ քաղբանտարկյալների

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստի ժամանակ քննարկվել են տարածքային կառույցների զարգացման, նոյեմբերի 9-ին կայանալիք  հանրահավաքի հետ կապված հարցեր, ինչպես նաև Կոնգրեսի ռազմավարությունն ու արտաքին քաղաքական զարգացումները: Այս ամենի մասին ՀԱԿ համակարգող Լևոն Զուարբյանը լրագրողներին տեղեկացրել է նիստից անմիջապես հետո:

Նա նշել է, որ Կոնգրեսը նախատեսում է նոր շտաբներ բացել: Այսօրվա ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստից առաջ կայացել է Երևանի շտաբների հետ հանդիպումը, որի ժամանակ,  Զուրաբյանի խոսքով, տրվել են հանձնարարություններ` կապված  հանրահավաքի իրազեկման հետ:

Խոսելով նաև նոյեմբերի 9-ի հանրահավաքի և այդ օրը Երևանում Եվրամիության կողմից կազմակերպվող մարդու իրավունքների վերաբերյալ սեմինարի մասին՝ Լևոն Զուրաբյանն ասել է.

«ԵՄ-ն ընդհանրապես Հայաստանի հետ երկխոսություն է սկսել մարդու իրավունքների ուղղությամբ, և դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի կունենա հերթական նստաշրջանն այդ երկխոսության շրջանակներում: Դրա նախապատրաստական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Հայաստանում: Այդ սեմինարում քննարկվել է մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, բազմաթիվ հարցեր` կապված քաղբանտարկյալների հետ»:

ՀԱԿ համակարգողն ասել է, որ հնարավորության դեպքում այդ օրն իրենք պիկետ կանցկացնեն, որպեսզի իրենց բողոքի ձայնը լսելի դարձնեն այս անգամ Եվրամիության պաշտոնյաների համար: Ըստ Զուրաբյանի` իրենք համապատասխան ուղերձներով դիմելու են ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Զուրաբյանը նաև իր կարծիքն է հայտնել տվյալ խնդիրներին իշխանությունների վերաբերմունքի վերաբերյալ:

«Մենք գիտենք, որ այս ամբողջ ճնշումների ներքո մինչև հունվարի նստաշրջան նրանք, ըստ երևույթի, պետք է ազատեն քաղբանտարկյալներին, բայց հիմա փորձում են նորից, իրենց մանր քինախնդրության համաձայն, ինչ-որ առևտրի մեջ մտնել և նորից խուսափել պահանջների լրիվ կատարումից, ուստի պահը շատ կարևոր է, որ մենք շատ վճռական ձևով պայքարենք, որ մեր պահանջները, ԵԽ-ի պահանջները կատարվեն ամբողջությամբ», – հավելել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi