Գլխավոր / Армения / Վրաստանում կառուցված նոր ճանապարհը «բացահայտելու է վիրահայերի ներուժը»

Վրաստանում կառուցված նոր ճանապարհը «բացահայտելու է վիրահայերի ներուժը»

Մոտ օրերս շահագործման է հանձնվելու Արևելյան Վրաստանի 223 կմ երկարությամբ նոր մայրուղին, որը կապում է ադրբեջանաբնակ Քվեմո Քարտլիի և հայաբնակ Ջավախքի շրջանները: Մայրուղին հասնում է նաև Վրաստանի և Թուրքիայի ու Հայաստանի սահմանագծին, հաղորդում է Новости-Грузия-ն` վկայակոչելով ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության տվյալները:

Նոր ճանապարհը կառուցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, որը շիրարարության համար 203 միլիոն դոլար է տրամադրել: Մայրուղու շինարարությունը սկսվել է 2008 թվականի գարնանը: Նույն ծրագրի շրջանակներում 15 նոր կամուրջ է կառուցվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ջավախքում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը երկրի համար քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն ունի:

«Նոր ճանապարհի շնորհիվ մենք կրկին բացահայտել ենք վրացահայերով բնակեցված Ջավախքի ներուժը, որը գրեթե ամբողջությամբ տարանջատված էր Վրաստանից վատ ճանապարհների պատճառով: Այդ դեպքում բնակիչների համար ավելի հեշտ էր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ու այնտեղ վաճառել իրենց մթերքները: Նինոցմինդայի, Ախալքալաքի և Ախալցխայի մեր 100 հազարավոր քաղաքացիներ այժմ կմիանան երկրի տնտեսական գործընթացներին»,- նշել էր Վրաստանի նախագահը:

Tekali Taxi