Գլխավոր / Армения / Երևանի նախկին քաղաքապետը պատրաստ է կրծել Ռոբերտ Քոչարյանի կոկորդը

Երևանի նախկին քաղաքապետը պատրաստ է կրծել Ռոբերտ Քոչարյանի կոկորդը

Ինչ տարբերակով էլ լինի ղարաբաղյան հիմնահարցի լուծումը, այն լինելու է միայն մեկ ձևով, երբ Ղարաբաղում լինեն ապրող, ստեղծող, նորմալ մարդիկ և իրենց թիկունքում զգան հզոր Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղաքապետ և ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը:

«Բոլոր մեծ պաշտոնյաները պետք է գնան Ղարաբաղ: Ռոբերտ Քոչարյանը պետք է ներողություն խնդրի էս ժողովրդից և «Ստեֆանո Ռիչին» բացի Ղարաբաղում: Սերժ Սարգսյանի եղբայչը պետք է ցանկանա ոչ թե Երևանի, այլ Շուշիի համալսարանի ռեկտոր դառնալ (վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ-ի ռեկտոր է ցանկանում դառնալ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը – Epress.am): Միկան (գործարար Միխայիլ Բաղդասարովը), Ֆլեշը (գործարար Բարսեղ Բեգլարյանը), Ֆրեշը պիտի գնան էնտեղ, հողը պահվելու ա էնտեղի մարդկանցով: Երևանում ղարաբաղցին գերեզման չպիտի ունենա: Ես ճղճիմ բաներ չեմ ասում, սա կյանք է, սա հողը պահելու միակ ձևն է» , – ասել է Սուրեն Աբրահամյանը:

Աբրահամյանի հետ ասուլիսին մասնակցող ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը հակադարձել է նրան` ասելով, որ «չպետք է այդ մարդկանց տեղը որոշումներ կայացնենք»:

«Իհարկե, ԼՂՀ-ում բնակչության թվի հարց կա: Մենք մեր պոտենցիալով կարող ենք նպաստել թվի աճին և այդ դեպքում միջազգային ասպարեզում էլ շատ ավելի մեծ հաղթաթղթեր կունենանք: Բայց այնտեղ գնալը ոչ միայն պատվաբեր պիտի լինի, այլ նաև` շահութաբեր», – ասել է Դավթյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն իրենց ընտանիքներով կգնան Ղարաբաղ, եթե «Աստված չանի, պատերազմական վիճակ ստեղծվի Ղարաբաղում»: Նա հիշեցրել է, որ պատերազմի տարիներին իրենք իրենց ընտանիքներով գտնվում էին Լեռնային Ղարաբաղում: 

Սուրեն Աբրահամյանը, իր հերթին, նշել է, որ դեռ 10-15 տարի առաջ, եթե իրեն ասեին, որ Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիայի վրա է նստած կամ Տանզանիայում առյուծ է սպանում, ինքը «ասողի կոկորդը կկրծեր»:

«Իսկ հիմա նրա կոկորդը կկրծեմ (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին – Epress.am)», – ասել է Սուրեն Աբրահամյանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ինչ նա կաներ հիմա:

Tekali Taxi