Գլխավոր / Армения / Տասնյակ պատանի նկարիչներ մրցույթի մասնակցեցին Երևանի կենտրոնում

Տասնյակ պատանի նկարիչներ մրցույթի մասնակցեցին Երևանի կենտրոնում

Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող ձմռանն ընդառաջ ջրազրկված Կարապի լճում այսօր կարելի էր տեսնել բազմաթիվ փոքրիկ նկարիչների: Այդ վայրում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության «Հայորդաց տների» սաների մասնակցությամբ նկարչական մրցույթ էր անցկացվում:

Epress.am-ի հետ զրույցում «Հայորդաց տների»  ընդհանուր կառույցի տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է, որ իրենք ամեն տարի տարվա այս ժամանակահատվածում կազմակերպում են  նման մրցույթներ:

««Հայորդաց տներ» կառույցը հիմնվել է 1993 թվին, նախկին պիոներ պալատի հիմքի վրա: Անշուշտ պիոներ պալատներից շատերն այսօր աղավաղված վիճակում են, միայն ութը ազատվեցին դրանցից  և այսօր գտնվում են Էջմիածնի, ինչպես նաև Բարեգործական ընդհանուր միության հսկողության ներքո: Իսկ այս մրցույթներից հետո առաջին մրցանակ ստացած գործերը տրամադրում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս մրցույթն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 11-րդ տարեդարձի առթիվ:

Նշենք, որ «Հայորդաց տներ» կազմակերպությունը գործում է Երևանի Նորք, Արաբկիր և Մալաթիա վարչական շրջաններում, իսկ մարզերից` Էջմաիծնում, Վանաձորում և  Աշտարակում:

Tekali Taxi