Գլխավոր / Армения / Փաշինյանին փորձում էին ստիպել ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին

Փաշինյանին փորձում էին ստիպել ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին

Իր «Բանտային օրագրում» քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը շարունակում է տեղեկացնել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր հետ տեղի ունեցող իրադարձություններին:

Այսօր նա, մասնավորապես, անդրադարձել է իր նախկին «Փոթորիկ Կոշի անապատում» հրապարակմանը։

«Այդ հոդվածում գրել էի, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի՝ «Կոշ» ՔԿՀ կատարած գիշերային այցից ու նրանց հետ իմ ունեցած հանդիպումից հետո, հաջորդ առավոտյան տեղեկություններ եմ ստացել, թե ՔԿՀ վարչակազմի և հանցավոր աշխարհի կողմից ուղղորդվող սալդաթների 15 հոգանոց խումբ է ձևավորվել, որն այդ գիշեր իմ նկատմամբ ինչ-ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր։ Իսկ օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը «Կոշ» ՔԿՀ էր եկել, որովհետև կեսգիշերին ահազանգ էր ստացել, թե իմ կյանքին կամ անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում։ Իմ դեմ ուղղված գործողությունները իրականում ոչ թե պլանավորված էին, այլ գտնվում էին իրագործման պիկի վիճակում: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների այցելության պահին իմ և սերժանտիկների կոնֆլիկտը գագաթնակետին էր։ », – նշում է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի խոսքով` այն ժամանակ, սակայն, ինքը նախընտրել է օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին խնդիրը անուղղակի ներկայացնել:

«Բայց նրանք կամ չհասկացան, կամ չցանկացան հասկանալ։ Երբ ինձ հարցրին, թե արդյոք իմ կյանքին և անվտանգությանը որևէ բան սպառնում է, ասացի, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն խոսակցությանը ներկա՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը ՀՀ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը, որն անմիջական ղեկավարն է Լյովա Բաղդասարյանի։ Այս կետում վերջինս ոգևորվեց և հայտարարեց, որ իմ անվտանգության ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ ՔԿՀ պետի այս հայտարարությունից հետո հայտարարեցի, որ ինձ ոչինչ չի սպաոնում։ Չօգտագործեցի՝ «այլևս ոչինչ» բառակապակցությունը, և մեր փոքրիկ օմբուդսմենը ահազանգը կեղծ գնահատեց, իսկ թե որոշ թերթեր ինչպես արձագանքեցին տեղի ունեցածին, ինձ համար անսպասելի չէր», – գրում է Փաշինյանը։

Հիշեցնելով վերջին շրջանում իր դեմ իրագործվող ճնշման փորձերի սկիզբը` Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նաև հետագա իրադարձություններին:

«Ինձ փորձ էր արվում բացատրել, որ լրագրողական ու քաղաքական գործունեությունը կալանավորի բան չեն, ու քանի դեռ ազատազրկման վայրում եմ, պետք է լռեմ։ Երբ անսասան մնացի իմ դիրքորոշման վրա, իմ դեմ ուղարկված սալդաթները այլ հանձնարարություն ստացան, ինձ ներքաշել ղումարի մեջ և «թավանի» տակ գցել։ Նույնիսկ նվազագույն շեմ էր հաստատվել՝ 20 հազար դոլար», – նշում է Փաշինյանը։

Քաղբանտարկյալի խոսքով` իրեն ղումարի մեջ ներքաշելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել, անգամ նրանից հետո, երբ նրան փորձել են «զաստավիտով» թավանի տակ գցել:

«Շուտով ինձ հայտնեցին, որ ինձ «սատկացնելու» հանձնարարություն են ստացել, ու 
գիշերը փայտերով լուծելու են հարցերս և դրա համար ունեն անհրաժեշտ մարդկանց դաբրոն։ Ու եթե ուզում ես նման բան տեղի չունենա՝ երեք տարբերակ ունեմ՝ ա) դիմում գրել և տեղափոխվել փակ տիպի ՔԿՀ, բ) ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին, գ) պարտավորվել կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում հոդվածներ չգրել կամ գրել միայն միջազգային թեմաներով, ելույթներ չունենալ, հարցազրույցներ չտալ։ Տարբերակներից որևէ մեկն ընտրելու համար ինձ տրված էր երեք ժամ ժամանակ», – նշում է Փաշինյանը։

Փաշինյանի տեղեկացմամբ` երբ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները եկան, այդ երեք ժամը նոր էր սպառվել էր:

«Երբ նրանց հետ գիշերային հանդիպումից վերադարձա՝ մեր հանրակացարանը շրջափակված էր ՔԿՀ աշխատակիցներով։ Ասացին, որ իմ անվտանգությունն են ապահովում։ Բայց ուշադրություն դարձրեք, ես որևէ մեկին չէի ասել, որ իմ անվտանգությանը որևէ բան սպառնում է: Տեսնես՝ որտեղի՞ց էին իմացել…», – եզրափակում է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi