Home / Հայաստան / Ակտիվիստները պատմել են, թե ինչպես են դաժան ծեծի ենթարկվել ոստիկանությունում

Ակտիվիստները պատմել են, թե ինչպես են դաժան ծեծի ենթարկվել ոստիկանությունում

Ոստիկանական բաժանմունքում գտնվելու ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից: Այս մասին Epress.am-ի զրույցում հայտնել են ոստիկանների կողմից բերման ենթարկված երիտասարդները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների՝ Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին, «Երևան» հյուրանոցի մոտ ակցիա իրականացնելու ժամանակ ՊՊԾ գնդի աշխատակիցները բերման են ենթարկել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:

Դա տեղի է ունեցել առավոտյան 10:00-ի սահմաններում, իսկ երիտասարդներին բաց են թողել 19:00-ի սահմաններում, որից հետո նրանք անմիջապես ուղևորվել են Մատենադարան և մասնակցել Կոնգրեսի հանրահավաքին:

Epress.am-ի հետ զրույցում բերման ենթարկված երիտասարդները պատմել են, թե ինչպես են ոստիկանությունում գտնվելու ժամանակ իրենց ծեծել:

«Մեր նկատմամբ եղել է  ամենաահավոր բռնությունը,  որը կարող էր լինել: Մոտ երկու տասնյակ համազգեստավոր ոստիկաններ ՊՊԾ գնդից Կենտրոնի ոտիկանության տարածքում մեզ` չորսիս,  գցեցին գետնին ու սկսեցին ոտքերով ու ձեռքերով հարվածել գլխներիս:  Այնուհետև մեզ տարան դատաբժշկի մոտ, որը ֆիքսեց որոշ հետքեր:  Մեզ մոտ հիմնականում գլխացավեր են ու սրտխառնոց: Մենք դատաբժշկին ասացինք, որ դրանք  ուղեղի ցնցման ախտանիշներ են, բայց հիվանդանոցի ուղեգիր չտվեց, մենք վաղը կգնանք հիվանդանոց` ստուգվելու»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Բերման ենթարկվածներից Արեգ Գևորգյանը պատմել է, որ  հենց սկզբից, երբ իրենց տարել են բաժին,  ոստիկանների գործողություններում արդեն ագրեսիա է եղել:

«Մեքենայի մեջ ասում էին՝ «հեսա մտնենք քաղմաս, տեսեք», ու սկսեցին հայհոյել: Ու հենց մտանք ներս, մի փոխգնդապետ բռնեց Վահագնին, քաշեց ներս դեպի քաղմաս ու ասաց՝ «դե հլը արի, մտի ներս, տես ինչ եմ անում» ու հենց մտանք ներս, Վահագնի դեմքին խփեց: Մենք բնականաբար սկսեցինք աղմկել, ու այդ ժամանակ և’ դրսից, և’ ներսից  ընդհանուր մի քսան-երեսուն հոգի հավաքվեցին, մեզ գցեցին գետնին ու սկսեցին ծեծել»,- ընգծել է Արեգ Գևորգյանը:

Tekali Taxi