Home / Армения / Ցեղակրոնությունը «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունն է. Տեր-Պետրոսյանը Սարգսյանի ելույթների մասին

Ցեղակրոնությունը «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունն է. Տեր-Պետրոսյանը Սարգսյանի ելույթների մասին

Չեմ կարող դիմադրել մի ուրիշ գայթակղության, որի առիթը Սերժ Սարգսյանի վերջին ուշագրավ ելույթներն են: Այսպես է սկսել Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հնչեցրած ելույթի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող հատվածը ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, որ այդ երկու ելույթները տեղի են ունեցել սփյուռքահայ լրագրողների, մյուսը՝ Շիրակի ճակնդեղագործների հետ հանդիպման ժամանակ (16.10.2010 և 23.10.2010)։

«Առաջին ելույթում նա արժանի հակահարված է տալիս Ադրբեջանի պետական քարոզչությանը և «փայլուն կերպով» ապացուցում, որ այդ երկրում ակնհայտ հակահայկական ֆաշիզմ է տիրում, որ ադրբեջանցիներն ազգ չեն, իրենք էլ չգիտեն՝ մար են, աղվան, թե՞ թուրք, չգիտեն նաև քրիստոնյա են, մահմեդական, թե՞ հեթանոս, մինչդեռ հայերն ութ հազար տարվա պատմություն ունեն, քանի որ ինչպես վերջերս պարզել է օտար գենետիկներից ու լեզվաբաններից կազմված փորձագիտական խումբը, հայոց լեզվի տարիքը հենց այդքան է, հետևաբար երբ մենք վաղուց ի վեր կայացած ազգ էինք, երբ Տիգրան Մեծի պես աշխարհակալ ունեինք, կամ երբ «Բաքոսուհիներ» էինք բեմադրում, ադրբեջանցիները ծառից-ծառ էին թռչում։ Ինչ խոսք, սա կարևորագույն նպաստ է հայ–ադրբեջանական հաշտության կայացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին։ Ուստի հուսանք, որ ճարտասանական այս գլուխգործոցն ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հանրության կողմից, ինչպես ժամանակին գնահատվեց Ռոբերտ Քոչարյանի դարակազմիկ հայտարարությունն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիներն էթնիկապես անհամատեղելի ժողովուրդներ են։ Այնուամենայնիվ, ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը։ Հետևությունները թողնում եմ ձեզ», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երկրորդ ելույթին, որը վերաբերում էր բանակում տիրող արատավոր երևույթներին` ընդդիմության առաջնորդը նշել է, որ, «փոխանակ խոսելու այդ արատներն արմատախիլ անելու անհրաժեշտության և կատարված հանցագործությունների պատասխանատուներին պատժի ենթարկելու մասին, նա հարկ է համարել իր խորագույն զզվանքն արտահայտել հիշյալ երևույթները բացահայտողների ու քննադատողների նկատմամբ»։

«…Քաղաքական տեսակետից մենք գործ ունենք չափազանց վտանգավոր մի իրողության հետ, քանի որ Սերժ Սարգսյանն այդպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները և խրախուսում դրանց շարունակումը՝ սպայակազմին հասկացնել տալով, թե ինչ ուզում եք արեք, ես ձեր թիկունքին եմ։

Չեմ ուզում հատուկ կանգ առնել մի այլ խայտառակության՝ փոխնախագահ Ջո Բայդենի կատարած աղմկահարույց բացահայտման վրա, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանը ժամանակին իրեն զանգահարել ու խնդրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կասեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ–թուրքական մերձեցման բանակցություններին չվնասելու համար։ Դրա շուրջ առանձնապես ծավալվելու կարիք չկա, որովհետև մի կողմից՝ մարդու հավատ չի գալիս, որ Սարգսյանը կարող էր այդքան հեռուն գնալ, իսկ մյուս կողմից՝ եթե դա ճշմարտություն է, ապա, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում կայացած Մեդվեդև–Սարգսյան–Ալիև հերթական, արդեն յոթերորդ հանդիպմանը, ապա այդ փաստը միայն հաստատում է իմ այն պնդումը, որ Մինսկի խմբի առկայությամբ հանդերձ, Ղարաբաղյան կարգավորման բուն գործընթացները տեղի են ունենում բոլորովին այլ ձևաչափում», – իր ելույթն ավարտել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Tekali Taxi