Home / Հայաստան / Ուրանի վաճառքի հետ կապված մեկ մարդ է ձերբակալվել Հայաստանում

Ուրանի վաճառքի հետ կապված մեկ մարդ է ձերբակալվել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում, այս տարվա ապրիլին, ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների կողմից Վրաստանում Հայաստանի քաղաքացիների կողմից գերհարստացված ուրան վաճառելու գործին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը: Ներկայումս վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 2-րդ մասով` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը` անդրադառնալով երեկ տարածված այն տեղեկություններին, որ ընթացիկ տարվա մարտ ամսին Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել:

ՀՀ ԱԱԾ-ն նշում է, որ վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների միջև իրականացվել է սերտ համագործակցություն:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ գործով անցնում են գործարար Սմբաթ Տոնոյանը և ֆիզիկոս Հրանտ Օհանյանը, ովքեր փորձել են մոտ 150 գրամ գերհարստացված ուրան վաճառել Թբիլիսիում:

Tekali Taxi