Home / Армения / Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման վայրը կրկին փոխվել է

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման վայրը կրկին փոխվել է

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, որը նախատեսվում էր անցկացնել Թամանյան 5 հասցեում, կրկին փոխել է անցկացման վայրը: Ֆիլմերի ցուցադրությունը կկայանա Բուզանդ 1 հասցեով (ՆՓԱԿ-ի հարևանությամբ): Այս մասին Epress.am-ին տեղելացրել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը:

Նրա խոսքով` փառատոնի անցկացման վայրը փոխելու պատճառն այն է, որ տարածքի սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել: Բնակարանի սեփականատերը, հրաժարվել է մեկնաբանություններից:

Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են գալու Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Մարի Յովանովիչն ու Չարլզ Լոնդսդեյլը, «Ոսկե ծիրան» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև Հայաստանի կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը: 

Կազմակերպիչները հայտնում են, որ նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-ին փառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն 2007-2008 թ.թ. Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր (մեկ վավերագրական, երեք գեղարվեստական): Ֆիլմաշարի տևողությունը՝ 1 ժամ 33 րոպե: Քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00 – ին փառատոնի մրցութային ծրագիրը կշարունակվի:

Նույն օրը, ժամը 16:00 – ին փառատոնի արտամրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվի 2008 թ. նկարահանված լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, 1 ժամ 23 րոպե տևողությամբ:  Ֆիլմերից հետո տեղի կունենա քննարկում:

Հիշեցնենք, որ  փառատոնը պետք է կայանար դեռևս նոյեմբերի 2-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում», սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կազմակերպչին մերժեցին տարածք տրամադրել:   

Փառատոնը պետք է կայանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում»: Սակայն Epress.am-ի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ասել էր, որ քանի որ ողջ կրթահամալիրի և վերջինիս կցված շինությունների սեփականատերը, համաձայն ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, ապա Կառավարությունը կարող է այս կամ այն միջոցառման անցկացում թույլ տալ կամ չտալ: Կրթահամալիրի տնօրենը մեզ տեղեկացրել էր, որ, իմանալով պետական մարմնի կարծիքը, ինքն անձամբ նպատակահարմար չի համարել միջոցառումն իր կրթահամալիրում անցկացնել:

Այունուամենայնիվ, Բլեյանը նշել էր, որ ինքը որևէ վատ բան չի տեսնում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մեջ, քանի որ «Մեդիա  կենտրոնում» պարբերաբար անցկացվում են տարբեր ֆիլմերի ցուցադրություններ` թուրքական, վրացական, իտալական և այլն:

Միևնույն ժամանակ, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ին տեղեկացրել էին, որ փառատոնի կազմակերպիչը պաշտոնապես իրենց չի դիմել տարածքի հատկացման համար, և միջոցառման անցկացման վայրի ընտրությունը կազմակերպչի որոշումն է:

Նշենք, որ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մասին հայտարարությունից հետո Հայաստանում դժգոհության լուրջ ալիք էր բարձրացել: Սոցիալական ցանցերում քարկոծում էին ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր պատրաստվում էին այցելել փառատոնը: Կազմակերպիչների հասցեին նաև սպառնալիքներ հնչել:
Ինչ վերաբերում է փառատոնին աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ը դեսպանատը, ապա դեսպանատան խոսնակ Քերըն Ռոբլին Epress.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում նպատակ ունի նպաստել հանդուրժողականության տարածմանը, թույլ տալ ծանոթանալ այլ մշակույթին և տեղ տալ բազմակարծությանը:

«Սրանք ցանկացած ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր արժեքներ են: Կարծում ենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը հիանալի մտահղացում էր, և այդ իսկ պատճառով որոշել ենք աջակցել դրա իրականացմանը և այժմ էլ աջակցում ենք», – ասել էր Ռոբլին:

Tekali Taxi