Home / Հայաստան / Ինչ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Կոշ» ՔԿՀ-ում. պարզաբանում է փաստաբանը

Ինչ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Կոշ» ՔԿՀ-ում. պարզաբանում է փաստաբանը

Այսօր վաղ առավոտյան, ժամը 02:30-ի սահմաններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում արթնացել է շարժից: Մի քանի րոպե հետո վարագույրը բացել են, և Փաշինյանի առջև հայտնվել են երկու դիմակավոր սևազգեստ անձինք: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանը, ով այսօր այցելել է Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ում:

Տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանն արթուն է` դիմակավորները մի փոքր կարկամել են, այնուհետև մյուս բանտարկյալների միջով անցնելով` հարձակվել են Նիկոլ Փաշինյանի վրա:

Վահե Հովսեփյանը մեզ պատմել է, որ Փաշինյանն ինչ-որ բան է բղավել, և հերթապահները եկել և նրան ուղեկցել են հերթապահ բաժին:

«Քանի որ այսօր երկարատև տեսակցության օր է եղել, Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ իր անկողինը տեղափոխեն հերթապահ բաժին»,- ասել է Վահե Հովսեփյանը:

Այնտեղ Նիկոլ Փաշինյանի անկողնու սավանի վրա հայտնաբերվել են կոշիկի և արյան հետքեր:

«Ես, Նիկոլը, հերթապահ պատասխանատու Բեգլարյանը, անվտանգության պատասխանատու Զաքարյանի հետ միասին արձանագրել ենք այդ հետքերը: Մենք պահանջեցինք, որ համապատասխան իրավասու անձը գա և արձանագրի իրեղեն ապացույցն ու տանի փորձաքննության: Նրանք հրաժարվեցին վերցնել այդ իրեղեն ապացույցը, և Բեգլարյանն ինձ առաջարկեց դուրս գալ և դիմել օպեր մասի պետ Ավետիսյանին: Ես դուրս չեկա, քանի որ մինչ դուրս գայի և դիմում գրեի, արդեն կլրանար տեսակցության ժամը և այլևս հնարավոր չէր լինի որևէ բան պարզել: Փոխարենը` Ավետիսյանն ինքը եկավ մեզ մոտ: Մենք նրան առաջարկեցինք արձանագրություն կազմել իրեղեն ապացույցների հիման վրա:  Նա հրաժարվեց` առաջարկելով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել առանց իմ ներկայության», – պատմել է Վահե Հովսեփյանը:

Փաստաբանը նշել է, որ ինքը և քաղբանտարկյալը չեն համաձայնել այդ առաջարկին: Նա նաև տեղեկացրել է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը առաջարկել են իրեղեն ապացույցը դուրս բերել ՔԿՀ-ից և ցույց տալ լրագրողներին, սակայն այս առաջարկը մերժվել է:

Հովսեփյանը նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ձախ ձեռքի դաստակից մի փոքր վերև ցավեր և այտուցվածություն ունի, ինչպես նաև ձախ ոտքին կարմրած հետքեր կան:

Նշենք, որ այսօր Արդարադատության նախարարությունը Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած դեպքի հետ կապված հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր.

«Նիկոլ Փաշինյանը դարձյալ հանդես է եկել իր նկատմամբ իբրև բռնություն գործադրելու վերաբերյալ հերթական ակնհայտ կեղծ հայտարարությամբ»:

Փաշինյանի փաստաբանը տեղեկացրել է, որ լրագրողը Արդարադատության նախարարության հաղորդագրությունը գնահատել է որպես անբարո: Փաշինյանը փաստաբանի հետ զրույցում նշել է, որ այս փաստն ակնհայտ է դարձնում, որ իր դեմ հարձակումները կազմակերպվում են Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից: Այս մասին են վկայում նախարարության վերջին երկու հերքումները:

Փաստաբանը  Epress.am-ին նաև ասել է, որ իրենց հետագա քայլերի մասին հանրությունը շուտով կտեղեկանա:

Tekali Taxi