Home / Армения / ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանին և ծանրակշիռ տեղ է ունենալու ԱԺ-ում. Բիշարյան

ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանին և ծանրակշիռ տեղ է ունենալու ԱԺ-ում. Բիշարյան

«Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը Հայաստանի ներքաղաքական վիճակն ակտիվ և հետաքրքիր է գնահատում: Նա համարում է, որ բավական ակտիվ քաղաքական շրջան ենք մտել, որը հնարավորություն է տալիս հասարակության մեջ առկա խնդիրները վերհանել: Այս մասին ԱԺ պատգամավորը հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես կողմ եմ, որ երկրում լինի ուժեղ, ամուր ընդդիմություն: Դա ստիպում է իշխանություններին ավելի լավ աշխատել», – հայտարարել է ՕԵԿ ներկայացուցիչը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե 2012թ. խորհրդարանական ընտրություններում արդյոք ՕԵԿ-ն ինքնուրույն է հանդես գալու, թե սատարելու է մեկ այլ ուժի` Բիշարյանը նշել է, որ իր կուսակցությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին և, բանախոսի կարծիքով, ծանրակշիռ տեղ է ունենալու Ազգային ժողովում:

Այնուամենայնիվ, Բիշարյանը նշել է, որ 2013թ. նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Epress.am-ի այն հարցին, թե չի սպասում արդյոք Հեղինե Բիշարյանը քաղաքական ֆորսմաժորային իրավիճակ և ուժերի վերադասավորում` բանախոսը պատասխանել է.

«Չեմ պատկերացնում նման բան, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է նման բան լինել»:

Նա հավելել է, որ իր քաղաքական կենսագրությունը թույլ է տալիս ասել, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու:

Tekali Taxi